Մելինե Մարտիրոսյան, «Սոսի» հեռուստատեսություն
Միայն 7 մլն 189 հազ. դրամի վնաս է հասցվել Սյունիքի բուսական աշխարհին, որից մինչ օրս գանձվել է 217 հազարը։ Անցած տարի տուժել է նաեւ տեղի կենդանական աշխարհը, ջրերի աղտոտման 4 դեպք է արձանագրվել մարզում։ Բայց եւ այնպես, բնապահպանների հավաստմամբ խախտումների թիվը տարեցտարի նվազում է։ կողմից 2010թ-ին վարչական պատասխանատվության են ենթարկվել 44 անձինք։ Բնությանը հասցրած նրանց վնասը կազմում է 2 մլն 760 հազ. դրամ։ Անպատիժ չեն մնացել նաեւ օրինազանց ձեռնարկությունները։ Այստեղ տուգանքներն ավելի խոշոր են։ «2 նման դեպք ենք գրանցել։ «Միեզերք» ՍՊԸն ճանապարհի կառուցման ժամանակ ծառերը արմատախիլ է արել եւ հողի բերրի շերտը փչացրել։ 7 մլն 278 հազար դրամի վնաս է հասցվել, բնականաբար հարուցվել է քրեական գործ։ Մյուսը «Սյունե» ՀԿ է, որը Հալիձոր-Տաթեւ ճանապարհին կառուցվող սրճարանի տարածքում նույնպես հատել է ծառեր։ Այս անգամ վնասը կազմում է 1մլն 270 հազար դրամ»,- նշում է բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Հովակիմյանը։ Բնապահպանները արձանագրել են նաեւ ձկնագողության եւ որսագողության դեպքեր, առգրավել են 1 ինքնաձիգ եւ 2 երկփողանի որսորդական հրացան։ Այս առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Շիկահողի» պետական արգելոցի աշխատակիցները նույնպես հայտնաբերել են որսի կանոների խախտում. 3 հոգի ենթարկվել են 30 հազարական դրամի վարչական տուգանքի։ Այս տարի Սյունիքում 317 ծառ է ապօրինի հատվել. միայն դեկտեմբերի 30-ին 6 անտառախախտման դեպք է եղել։ Դրանցից մեկը կարճվել է.օրինազանցը անչափահաս էր։ Սակայն, օրենքը շրջանցում են ոչ միայն բնակիչները, այլեւ ի պաշտոնե այն պաշտպանողները։ «11 անտառախախտման դեպքի համար անտառապահներ եւ անտառապետներ պատասխանատվության են ենթարկվել։ Վնասը կազմում է 1մլն 15 հազար, որի համար կարգազանցները կտուգանվեն 4 մլն 117 հազար դրամ»,- ասում է Անդրանիկ Հովակիմյանը։ Տուգանվել են նաեւ Իրանի իսլամական հանրապետության 3 քաղաքացիներ. ճանապարհատրանսպորտային վթարների հետեւանքով վնասվել էին մայրուղու եզրերի ծառերը։ Վնասն արդեն փոխհատուցվել է։ Ընդհանուր առմամբ, գանձված գումարներից պետբյուջե է վճարվել 4 մլն 480 հազար դրամ։
Հունվար 21, 2011
