ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանը ներկայացրեց 2008թ-ի իր գործունեության հաշվետվությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախարարության կողմից լրատվամիջոցների համար տարածված հաղորդագրությունը:
Սևանա լճի հիմնախնդիրներ
2008թ. շարունակվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը: Լճի ջրի մակարդակը 2008թ. դեկտեմբերի 31-ին կազմել է 1898,85 մ: Մակարդակի բարձրացումն անցած յոթ տարիների ընթացքում կազմել է 253 սմ: Ջրի տակ մնացած շուրջ 95 հա անտառածածկ տարածքների վրա կատարվել են ծառաթփային բույսերի մաքրման և հեռացման աշխատանքներ /41.5 մլն դրամ/:
Բացի նշվածից, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և առափնյա տարածքների վարձակալների ուժերով ևս 4.8 հա-ի վրա կատարվել են ջրածածկ տարածքների ծառերի ու թփերի մաքրման աշխատանքներ: 2008թ. Սևանա լիճ բաց է թողնվել` ամառային իշխանի մանրաձուկ` 5 գրամից ավելի քաշով` 100000 հատ, 50 գրամից ավելի` 16000 հատ, 60 գրամից ավելի` 20000 հատ, 100 գրամից ավելի`10000 հատ, գեղարքունու մանրաձուկ`10 գրամից ավելի` 45000 հատ, 65 գրամից ավելի` 20000 հատ, 5,5 գրամից ավելի` 37681 հատ: Հսկվել է ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի չափաքանակը, այն 2008թ. Սևան-Հրազդան համակարգով կազմել է 303.0 մլն. խմ: Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխվող ջրաքանակը տարվա կտրվածքով կազմել է 192.5 մլն.խմ:
Սևանա լճում կատարված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ սիգ ձկնատեսակի բնական վերարտադրության ապահովման նպատակով 2007-2008 թթ. ձկան արդյունագործական որսի արգելքի արդյունքում կայունացել են այդ ձկնատեսակի արդյունագործական պաշարների ծավալները: «Սևան» ազգային պարկում կատարվել են 50 հա անտառվերականգնման, 50 հա անտառկուլտուրաների լրացման, 215 հա խնամքի աշխատանքներ: Տնկվել է 280 հազար հատ ծառ: Իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված արդյունագործական ձկնորսության և խեցգետնի որսի 34 պայմանագրերով որսվել է 98.6 տոննա կարաս և 342.8 տոննա խեցգետին, որպես բնօգտագործման վճար պետական բյուջե է վճարվել 19.1 մլն.դրամ: Ռեկրեացիայի և այլ նպատակներով հողի վարձակալության տրված պարկի տարածքների գծով որպես վարձակալական վճար հավաքագրվել է 126.0 մլն. դրամ:
Բնապահպանական միջոցառումներ
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկը:
Լրամշակվել և շահագրգիռ մարմինների հետ քննարկման փուլում է գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2009-2013 թթ. կառավարման պլանը և սահմանների նկարագիրը հաստատելու մասին՚ ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Որդան Կարմիր» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և տարածքի չափը:
Մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն են ներկայացվել «Ջրվեժ» անտառպարկի սահմանների նկարագիրը և տարածքի չափը հաստատելու մասին» և «Սև լիճ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և տարածքի չափը հաստատելու մասին՚ ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
Իրականացվել է 13 արգելավայրերի և 4 դենդրոպարկերի սահմանների ճշգրտման և քարտեզագրման ծրագիրը:
Մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն են ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագծերը «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Զանգեզուր» պետական արգելավայր ստեղծելու, «Արևիկ» ազգային պարկ ստեղծելու մասին:
Տրվել են՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման 11 լիցենզիա (կնքվել է 4 պայմանագիր), սիրողական որսի 12 կտրոն (կնքվել` 17 պայմանագիր), արտահանման և ներմուծման 273 թույլտվություն, բուսական աշխարհի օբյեկտների 1 ներմուծման և 6 արտահանման թույլտվություններ:
30.12.2008թ. դրությամբ ձևակերպվել է 1999 ջրօգտագործման թույլտվություն /ՋԹ/` 7654.6 մլն.մ3 ջրառով, որից էներգետիկ նպատակով` 305 ՋԹ–3145.9 մլն.մ3, որը չի հանդիսանում ջրսպառող և այդ ջրերը հետագայում նույնպես օգտագործվում են, իսկ առանց վերջինիս` 4508.7 մլն.մ3: Փաստորեն ձևակերպված ՋԹ-ներով իրավական դաշտ է բերվել հանրապետության ջրօգտագործման ծավալի շուրջ 95%-ից ավելին:
Մթնոլորտի պահպանության էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են Մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություններ տալու կարգը և Մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը:
Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության գծով Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ջերմամատակարարման վերականգնման ծրագրի շրջանակներում `
ա. Երևանի Ավան թաղամասի ջերմամատակարարման վերականգնման ծրագրի տնտեսական ցուցանիշների վերահաշվարկը և հիմնավորումը ներկայացվել են Մոսկվայում հրավիրված «Եվրոսիբէներգոինջինիրինգ» ընկերության ներդրումային հանձնաժողովին, որի որոշմամբ նախագծի առաջին փուլի իրականացման համար տրամադրել է 6 մլն. ԱՄՆ դոլար` 75 շենքի ջերմամատակարարման համակարգի վերակագնման համար,
բ. Վերականգնվել է Ավանի Վարուժան թաղամասի 7 շենքերի պիլոտային համակարգը: Ծրագրի կողմից տրամադրել է ջերմային էներգիայի և տաք ջրի հաշվիչ սարքերը` բնակարանային մակարդակով հաշվառման կազմակերպման համար: Բացի դրանից համակարգի ընդարձակման համար իրականացվել է Իսահակյան թաղամասի 23 շենքերի բնակարանատերերի հարցում: Նախագիծը իրականացնում է «Հայռուսկոգեներացիա» ՓԲ ընկերությունը:
գ. Իրականացվել է Սևան քաղաքի 47 շենքերի ջերմամատակարարման կոմպլեքսի կառուցման տեխնիկատնտեսական գնահատումը: Այն համարվել է գրավիչ ներդրումների համար: Ներկայումս գրանցման փուլում է «Սևանէներգոկոմպլեքս» ընկերությունը: Ներդրող ընկերության` Մոսկվայի ջերմային ավտոմատիկայի գործարանի հետ համաձայնեցված կարգով, ծրագրի փորձագետները մշակում են նախագծի բիզնես պլանը:
դ. Առաջարկ է ստացվել մշակելու բիզնես պլան Երևանի 16 թաղամասի 7 շենքերի համակարգի նախագծման համար:
Ընթացքի մեջ են Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմով (ՄԶՄ) հաստատված նախագծերը.
ա. Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի ստացման ՄԶՄ նախագիծը: Համակարգվել են նախագծի մասնակիցների բանակցությունները,
բ. Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում կենսագազի գործարանի ՄԶՄ նախագիծը (ներդրումների ընդհանուր ծավալը 4 մլն ԱՄՆ դոլար): Կենսագազի գործարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008թ. հոկտեմբերի 24-ին: Նորվեգիական ՎԵՔՍՏ կազմակերպությունը առաջարկել է տարածել այդ փորձը Հայաստանի ևս 3 թռչնաբուծական ֆաբրիկաներում,
Նորվեգիայի կառավարության օժանդակությամբ ստեղծվել է «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի շրջանակներում անդրսահմանային աղտոտման մոնիտորինգի կայան` 110, 0 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումներով:
Տեսչական – վերահսկողական աշխատանքներ
Նախարարության պատասխանատվության տակ գտնվող վճարների և ոչ հարկային եկամուտների (պետական տուրք լիցենզիաներ տալու համար, բնապահպանական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներ, ուսումնասիրության լիցենզառուների և հատուկ լիցենզառուների կողմից վճարվող կոնցեսիոն վճարներ ու բոնուս) մասով 2008 թվականի տարեկան կանխատեսումային 363,3 մլն դրամի դիմաց պետական բյուջե է վճարվել 851.1 մլն. դրամ (այդ թվում` 118.9 մլն դրամ` բնապահպանական մարմինների կողմից կիրառված պատժամիջոցների գծով, 71.2 մլն դրամ` որպես պետական տուրք, 418.5 մլն դրամ` ուսումնասիրության լիցենզառուների և հատուկ լիցեզառուների կողմից վճարվող կոնցեսիոն վճարների գծով և 241.7 մլն դրամ` բոնուսի գծով, 0.7 մլն դրամ` բնապահպանական վճար լողամիջոցների օգտագործման համար), կամ տարեկան կանխատեսումային ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 487.8 մլն դրամով:
2008 թվականի տվյալներով նախարարության վերահսկողության տակ գտնվող վճարների գծով բնապահպանական և բնօգտագործման վճարների գանձման մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է 4741.7 մլն դրամ:
Տեսչական ստուգումներ իրականացվել են 1642 տնտեսվարող սուբյեկտներում, հայտնաբերվել են 1535 խախտումներ, որից` 368 խախտումները հայտնաբերվել են բուսական և կենդանական աշխարհի պահպանության ոլորտում:
Կազմվել է վարչական տուգանքի 1055 ակտ` պետական բյուջե գանձման ենթակա 73.45 մլն դրամ ընդհանուր գումարով, պետությանը պատճառված վնասի հատուցման 444 արձանագրություն` պետական բյուջե գանձման ենթակա 257.2 մլն.դրամ ընդհանուր գումարով:
Տեսչության կողմից hայտնաբերված թաքցված (ապօրինի օգտագործված) ծավալները կազմել են`
ա. ոսկի` 526.47 կգ, արծաթ` 7312.83 կգ, պղինձ` 525,25 տ, ցինկ` 169.88 տ, կապար` 15.46 տ, սելեն` 0,195 տ, թելուր` 0,412 տ և ծծումբ` 6083,5տ, ոչ մետաղական օգտակար հանածոների գծով` 226.0 հազ.խմ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ հանդիսացող փաստացի ծավալների ճշգրտված չափագրման 208 ակտ է հանձնվել հարկային մարմիններին:
2008թ. բնապահպանական պետական տեսչության կողմից դատախազություն են ներկայացվել 22 ստուգման նյութեր` 23.5 մլն դրամ գումարով, իսկ դատարան` 189 հայտ` 36.7 մլն դրամ գումարով:
Փետրվար 05, 2009
