

NEWS.am
Սեւանա լճի խնդիրների լուծման տեմպերը դեռեւս բավարար չեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրած խորհրդակցությն ժամանակ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների եւ Հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը:
2010թ. նախանշված միջոցառումները, Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, իրականացվել են լիարժեքորեն եւ սահմանված ժամկետներում:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ լճի հետ կապված մի շարք հիմնախնդիրների, որոնք այսօր էլ արդիական են:
Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ կատարված աշխատանքը եւ որոշակի առաջընթացը մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաեւ Սեւան այցելող ցանկացած մարդու համար:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տրել Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին եւ նրա նախագահին, փոխվարչապետին, Բնապահպանության, Տրանսպորտի եւ կապի նախարարներին, Գեղարքունիքի մարզպետին եւ Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՏԱԿ ՄՆԱՑԱԾ 522 ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 320-Ը ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ Է
Tert.am
Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ է հայտնվել 522 միավոր շենք–շինություն, որոնց 18 տոկոսը պետական գրանցում ունի, իսկ 82 տոկոսն ինքնակամ է։ Այս մասին մարտի 4-ին Հայաստանի նախագահի հրավիրած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ այժմ 522 շենք–շինություններից ապամոնտաժվել և տեղափոխվել է 320–ը։
Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ նախագահը հանձնարարել է այս տարի հիմնական ուշադրությունը սևեռել Սևանա լճի ջրի մաքրման աշխատանքներին։ Նրա խոսքով՝ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը պետք է կազմի լճի ափամերձ տարածքների շենք–շինությունների, ինժեներական ենթակառուցվածքների տեղափոխման գրաֆիկ։ Մովսիսյանն ընդգծեց, որ այդ աշխատանքները պետք է արվեն մինչև ջրի մակարդակի բարձրացումը, որպեսզի այդ շինությունները չհայտնվեն ջրի տակ ու հետո նոր իրենք ստիպված լինեն մտածել դրանց ապամոնտաժման մասին։
«Այս տարի սկսում ենք աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր հատակագծի մշակումը։ Սևանի ամբողջ ավազանում 27 աղբավայրեր գոյություն ունեն, որոնք չեն համապատասխանում այսօրվա պահանջներին։ Մենք այդ աղբավայրերը ոչ միայն կկենտրոնացնենք ավելի փոքրիկ աղբավայրերում, այլև պետք է մտածենք այդ աղբը վարակազերծելու, մշակելու և ավազանից այդ ամբողջ աղբը դուրս բերելու մասին»,– առաջիկա անելիքներից ասաց հանձնաժողովի նախագահը։
Սևանա լճի հիմնահարցերի լուծման ուղղությամբ նա թերություն համարեց մոնիտորինգային ցանցի բացակայությունը՝ նշելով, որ նման ցանցի անհրաժեշտությունը պայմանավորված է խնդիրներին լիարժեք տիրապետելու և ըստ այդմ միջոցներ ձեռնարկելու հանգամանքով։
ՍԵՎԱՆԻ ԱՓԵՐԻՆ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԼՈՂԱՓԵՐ
Tert.am
Սերժ Սարգսյանը մարտի 4-ին Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցեցին նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: Խորհրդակցության ժամանակ նախագահը հանձնարարել է Սևանա լճի ափերին ստեղծել անվճար հանգստյան լողափեր։
Այս մասին խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ «Նախագահը հանձնարարական է տվել ստեղծել անվճար հանգստյան գոտիներ։ Այսինքն՝ մենք հատկապես լճափի կենտրոնական մասերում կազմակերպելու ենք հասարակական լողափեր, որոնք ազգաբնակչության համար կլինեն անվճար։ Մենք այդ աշխատանքներին ձեռնամուխ ենք լինելու, որ ազգաբնակչությունն այցելի և անվճար հանգստանա»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ նախագահը նաև հանձնարարել է 2011թ. նախատեսված 400 հազար մանրաձկան փոխարեն Սևանա լիճ թողնել մեկ մլն ձուկ։ Հարությունյանի հավաստմամբ՝ իրենք հսկողության տակ են վերցրել ոչ միայն լճի մաքրման աշխատանքները, այլև ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը և լճի հետ կապված այլ խնդիրները։
Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ. ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՎԵԼՈՒ ԼՃԻ ՄԱՔՐՈՒՅԱՆԸ
Aysor.am
Այս տարի ՀՀ Նախագահին առնըթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը ռազմավարական առումով հիմնական ուշադրությունը դարձնելու է լճի ջրի մաքրման ապահովման միջոցառումներին: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ այժմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ծրագրեր են իրականացվում կոյուղագծերի վերականգնման և մաքրման կայանների ստեղծման ուղղությամբ. «Անցած տարի 25 կմ վերականգնել ենք, այս տարի 20 կմ կվերականգնենք 3 քաղաքներում` Մարտունիում, Վարդենիսում և Գավառում: Աշխատանքները կսկսվեն այս տարի ապրիլին և այս տարի էլ կավարտվեն»:
Վ. Մովսիսյանի խոսքերով` այս տարի սկսվում է նաև աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր հատակագծի մշակումը: Ամբողջ ավազանում գոյություն ունեն 27 աղբավայրեր, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում այսօրվա պահանջներին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` որոշվելու է նաև, թե ինչպես պետք է վարակազերծել և ավազանից դուրս բերել այդ աղբը:
Վ. Մովսիսյանն ուրախությամբ ևս մեկ անգամ շեշտեց, որ արդեն մեկընդմիշտ օրակարգից հանվել է Արարարատի ոսկու կորզիչ գործարանը Սևան տեղափոխելու խնդիրը և այլևս չի քննարկվում:
«Ափամաքրման միջոցառումներից ամենածանրը շենք-շինություններինն է»,- նշեց Վ. Մովսիսյանը` տեղեկացնելով, որ 1900 մ 25 սմ նիշից ներքև ջրի մեջ մնացած շենք-շինությունների քանակը 522 միավոր է, որից 98-ն ունեն պետական գրանցում, 424-ը ինքնակամ կառույցներ են: Ընդհանուր առմամբ, ապամոնտաժված և տեղափոխված են 320 շենք-շինություն կամ 61 %-ը, այդ թվում պետական գրանցում ունեցողներից` 56-ը, ինքնակամ կառույցներից` 264-ը:
Հանձնարարվել է նաև հաստատել գրաֆիկ, որպեսզի ափը մաքրվի և նոր միայն ջուրը բարձրացվի, ինչն, ըստ Վ. Մովսիսյանի, հսկայական ծախսերի տնտեսում կլինի և, ամենակարևորը, ջուրը մաքուր կլինի:
ՍԵՎԱՆՈՒՄ 2010Թ-ԻՆ ՄԱՔՐՎԵԼ Է 174 ՀԱ ՏԱՐԱԾՔ
Aysor.am
2010 թ-ի ընթացքում Սևանում ընդհանուր առմամբ ծառերից մաքրվել է 174 հա տարածք, այդ թվում ջրի մեջ և ափամերձ տարածքներում 91 հա մաքրվել է «Նոր լենդ» և «Նաիրի բերրիություն» կազմակերպությունների միջոցներով, իսկ անհատ ձեռներցների և իրավաբանական անձանց հետ կնքված 16 պայմանագրերի շրջանականերում մաքրվել է ևս 83 հա տարածք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` ՀՀ նախագահին առնըթեր Սևանի հարցերով հանձնաժողովի նիստից հետո:
Աշխատանքներում կիրառվել է Ֆինլանդիայից ներկրված «Water master» բազմաֆունկցիոնալ հողհան մեքենան: Ըստ նախարարի, նախատեսված է մինչև 1900 մ նիշը մաքրել շուրջ 500 հա, իսկ մինչև կառուցապատման 1905 մ նիշը` 3000 հա տարածք:
«Մեր առաջնահերթ խնդիրը մինչև 1900 մ նիշն է, ջրի մակարդակը դեռևս այդ նիշին չի հասել»,- ասաց Ա. Հարությունյանը:
2011թ-ի ընթացքում նախատեսվում է 283 հա-ի վրա մաքրման աշխատանքեր իրականացնել, որի համար կծախսվի շուրջ 124 մլն դրամ: Մաքրման աշխատանքներ են իրականացվելու ցամաքային հատվածներում, նաև` բարեգործական ակցիաների շրջանակներում:
Մարտ 09, 2011
