Panorama.am
Մարտի 22-ը ջրի միջազգային օրն է: Այս առիթով «Ջրային ռեսուրսների որակն ու կառավարումը Հայաստանում» թեմայի շուրջ խոսեցին ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Մուշեղ Կարապետյանը:
ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշեց, որ ջրի համաշխարհային օրը մեր հարապետությունում նշվում է արդեն քսան տարի և շնորհավորեց մասնավորապես այն ջրօգտագործողներին, ովքեր ջուրն օգտագործում են խնայողաբար։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Մուշեղ Կարապետյանը խոսելով ոլորտի խնդիրներից հույս հայտնեց, որ գնալով արդյունավետ կօգտագործենք ջրային ռեսուրսները։ Ոլորտում կատարված կարևորագույն բարեփոխումների շարքում Մուշեղ Կարապետյանն ընդգծեց ոլորտի կառավարումը մասնավոր սեկտորին փոխանցելու գործընթացը։
«Հանրապետությունում վերջին յոթ տարիներին ջրամատակարարումը զգալիորեն լավացել է։ Ժամային տեսակետից վերջին երեք տարվա մեջ միջին ջրամատակարարման տևողությունն ավելացել է երեքից չորս ժամով։ Սա խոսում է այն մասին, որ ոլորտում զգալի աշխատանքներ են տարվել»,- նշեց Մուշեղ Կարապետյանը։
Անդրադառնալով հանրապետությունում և Երևանում քսանչորսժամյա ջրամատակարարման հարցին, պարոն Կարապետյանը նշեց, որ «հանրապետության մի շարք բնակավայրերում դա գրեթե անհնար է, հաշվի առնելով ջրային ռեսուրսների ծավալը և մի շարք այլ խնդիրներ։ Իսկ Երևանում այս ուղղությամբ զգալի աշխատանք արդեն իսկ իրականացվել է»։
«Ե՞րբ կսպառվեն հանրապետության ջրային ռեսուրսները»։ Պատասխանելով լրագրողի այս հարցին ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշեց, որ ջրային պաշարների զգալի մասը համարվում է վերականգնվող ռեսուրս։
«Հարցը տեղին չէ, մեր ջրային ռեսուրսները չեն սպառվի, հենց դրա համար ճիշտ կառավարման քաղաքականություն է տարվում»,-նշեց Վոլոդյա Նարիմանյանը։
Մարտ 23, 2011
