

Գոռ Ռաֆայելյան, Հայոց Աշխարհ
Չինական Fortune Oil ընկերությունը արդեն խոշորածավալ ներդրումներ է կատարել Հայաստանում եւ նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո երկաթ կարդյունահանի
1993 թվականին հիմնադրված եւ 1996 թվականից Լոնդոնի բորսայում գրանցված ընկերության գլխավոր գործադիր տնօրեն ԹԻ ՔԻԱՄ ՓՈՒՆ մեզ հետ զրույցի ընթացքում հավաստիացրեց, որ Հրազդանի հանքահորը շահագործելու համար առաջիկա 5 տարիներին կներդնեն ավելի քան 110 միլիոն դոլար, իսկ Աբովյան քաղաքի մերձակա տարածքի պաշարները արդյունահանելու նպատակով կատարվելիք ներդրումների ծավալը կգերազանցի 400 միլիոն դոլարը:
Fortune Oil ընկերությունը 2012 թվականին Հրազդանում կսկսի վերամշակող գործարանի շինարարությունը, իսկ երկու տարուց կստանա տարեկան 2 միլիոն տոննա երկաթի խտանյութի արտադրանք: Ավելի ուշ` 2016-ից, կարդյունահանվի նաեւ Աբովյանի հանքաշերտը: Այստեղ տարեկան արտադրանքի ծավալը կհասնի 8 միլիոն տոննայի:
Նոր արտադրական ձեռնարկությունը կստեղծի առնվազն հինգ հարյուր նոր աշխատատեղ, իսկ ծրագրված ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում` մինչեւ երեք հազար աշխատատեղ: Խտանյութը կարտահանվի Հայաստանի հարեւան երկրներ, նաեւ Չինաստան:
Թի Քիամ Փուն հատկապես շեշտեց, որ աշխատելու են ստացած միջազգային հավաստագրի համաձայն, պահպանելու են բնապահպանական բոլոր միջազգային կանոններն ու ստանձնած պարտավորությունները, եւ իրենց գործունեությունը վտանգավոր չի լինի տեղանքի ու մարդկանց առողջության համար: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հավաստիացումները եւ մամուլում շրջանառվող ճիշտ հակառակ պնդումները ստուգելու համար այցելեցինք Հրազդանի հանքատեղիին մերձակա Վանատուր եւ Աթաբեկյան գյուղեր ու զրուցեցինք բնակիչների հետ:
Կիրակի կեսօրին գյուղամեջում հավաքված վանատուրցիները միանշանակ հերքեցին, թե ընկերության աշխատակիցները կամ տեղական իշխանությունները իրենց բնակավայրից հեռանալու առաջարկ են արել, կամ որեւէ մեկին տեղահանելու խնդիր է առաջացել:
Հարեւան Աթաբեկյան գյուղում ոչ միայն հաստատեցին այս իրողությունը, այլեւ տեղեկացրին, որ Fortune Oil ընկերության պատասխանատուների հետ հանդիպումների շնորհիվ հավաստիացել են, որ իրենց բնապահպանական ոչ մի վտանգ չի սպառնում: Իսկ հանքավայրերը շահագործելու դեմ ստորագրություններ հավաքելու նախաձեռնությունը համարեցին բնապահպանական նկատառումներով կազմակերպված քաղաքական շահարկում:
Մեր երկրի ընդերքը հետախուզելու երեսնամյա փորձառություն ունեցող երկրաբան Հրաչյա Հարությունյանը, որը ղեկավարել է Հրազդանի եւ Աբովյանի հանքավայրերի վերագնահատման աշխատանքները, մեզ հետ զրույցի ընթացքում ներկայացրեց հանքերի արդյունահանման տեխնոլոգիաները եւ դրանց հնարավոր հետեւանքները շրջակա միջավայրի վրա:
-Այս տարածքը ուսումնասիրվել է 1958-1961 թվականներին` որպես առանձնացված երկաթի հանքավայր: Հաստատվել է, որ երկրաշերտերի այս հատվածում կա երկաթի մագնեցիտային հումք: Ըստ ԽՍՀՄ պաշարների պետական կոմիտեի հաստատած տվյալների, Հրազդանի հանքաշերտը պարունակում է 50 միլիոն տոննա երկաթի պաշար:
2007-2008 թվականներին կատարվել է վերագնահատում, պաշարները վերահաշվարկվել են: Գումարվել են նաեւ 25 միլիոն տոննա այն պաշարները, որոնք հինգ տասնամյակ առաջ չեն համարվել երկաթի կոնցենտրատ ստանալու համար բավարար կոնդիցիոն հումք: Մեր տնտեսության առկա վիճակը եւ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս օգտագործել հանքավայրի բոլոր պաշարները:
Հայաստանի պաշարների պետական կոմիտեն հաստատել է, որ Հրազդանի հանքավայրում 77 միլիոն տոննա երկաթի ընդհանուր պաշար կա: Հանքաքարում մագնեցիտի քանակը 26% է: Հանքավայրի տարածքում բուսականություն չկա, իսկ հողերը գյուղատնտեսական նշանակության չեն: Արդյունահանման ժամանակ բաց հանքի տարածքը կունենա 1 200 մետր երկարություն եւ 500 մետր լայնություն: Հանքային մարմինը մեկն է` գրանիտների եւ կարբոնատային հաստվածքի միջեւ: Ունի 350 մետր երկարություն, 70 մետր լայնություն եւ մինչեւ 270 մետր խորություն:
Ինչպես մեզ բացատրեց մասնագետը, հանքաքարի հարստացման պրոցեսում ոչ մի այլ նյութ չի օգտագործվելու: Հանքանյութը մեխանիկական եղանակով վերածվելու է մեկ միլիմետր հաստությամբ ավազի, որից երկաթը հանվելու է մագնիսի միջոցով: Ոչ մի ծուխ կամ ջրով լցվող պոչամբար չի լինելու: Նման հնացած տեխնոլոգիաներ ոչ մի հեղինակավոր ընկերություն վաղուց չի օգտագործում:
Չինական ընկերությունը կիրառելու է ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք բացառում են բնապահպանական որեւէ խնդրի առաջացում:
Ապրիլ 01, 2011
