

Tert.am
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում հերքեց բնապահպանների այն մեղադրանքները, թե իր ղեկավարած ընկերության գործարանները Հայաստանի բնությանը վնաս են հասցնում։
Նշենք, որ բնապահպանների կողմից բազմիցս բարձրացվել է այն հարցը, որ, մասնավորապես, Սյունիքի մարզի այն տարածքներում, որտեղ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հողերի և ջրերի աղտոտման մակարդակը բարձրացել է, բնակչության մոտ արձանագրվող հիվանդություններն ավելացել են։
«Ես համաձայն չեմ դրա հետ։ Բազմաթիվ բնապահպանական խնդիրներ լինել չեն կարող, բացառվում է, որովհետև ամենահսկա գործարանի տնօրենը ես եմ, մենք բնությանը բացարձակապես վնաս չենք տալիս,- Tert.am–ի հարցին ի պատասխան՝ ասաց Հակոբյանը և շարունակեց:- Եվ եթե առիթ էլ լինի՝ ինչ-որ մի փոքր, ինչպես ընդունված է ասել, մեկ մազաչափ էլ բնությանը վնաս տանք, մենք դա հարյուրապատիկ, հազարապատիկ անգամ պատրաստ ենք փոխհատուցելու, որպեսզի մեր երկրում մեր հողը, մեր ջուրը, օդային ավազանը վնաս չստանան»։
Մաքսիմ Հակոբյանը փաստեց, որ այսօր խնդիրներ կան աշխարհի տարբեր երկրներում: «Ճապոնիայի պես երկրում տեսա՞ք՝ ինչ կատարվեց։ Ոչ մի բան բացառել չի կարելի»,-ասաց նա։
Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ Ճապոնիայում տեղի ունեցածը բնական աղետ էր, և այնքան էլ պայմանավորված չէր մարդկային գործոնով, նա ասաց. «Բա մեր ատոմակայանի վիճակն ի՞նչ ա։ Դա վերլուծելու, քննարկելու բան ա»։
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԸ. ՏՆՕՐԵՆ
NEWS.am
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լիարժեքորեն հաղթահարել է ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, հավելելով, որ դրան նպաստել է 2009-ին կառավարության կողմից հատկացված 15 մլն դոլարի պետական վարկը:
«Տրամադրված գումարը թույլ տվեց ավարտին հասցնել մի շարք ծրագրեր: Վարկի մի մասը ներդրվեց Հիդրոմետալուրգիական գործարանի կառուցման մեջ, որի շինարարությունն արդեն ավարտին է մոտենում: Նախատեսվում է արտադրական ծավալների շուրջ 20 տոկոս ավելացում»,- ասել է տնօրենը: Նրա խոսքով, թեեւ ձեռնարկությունն այնքան էլ երկար տարիների կյանք չունի, սակայն այն լուրջ հաջողություններ է արձանագրել, որոիցից ամենակարեւորը Հայաստանում արտադրվող մոլիբդենի խտանյութը տեղում ամբողջությամբ վերամշակելն է:
Մ. Հակոբյանի ներկայացմամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, «Արմինիան Մոլիբդեն փրոդաքշնի» հետ միասին շուրջ 1000 մարդ է աշխատում:
Անդրադառնալով գործարանի կողմից բնության եւ շրջակա միջավայրի հասցված վնասների խնդրին, նա նախ հերքեց նման վնասների առկայությունը, ապա հավելեց, որ եթե անգամ վնասներ լինում են, ապա հարյուրավոր եւ հազարավոր անգամ փոխհատուցում են դրանք:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԷՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Tert.am
Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ին այցելեց Մաքուր երկաթի գործարան, շրջայց կատարեց և ծանոթացավ արտադրության պայմաններին, այնուհետև եղավ «Արմենիա մոլիբդեն փրոդաքշըն» ՍՊԸ-ում, որտեղ շուրջ 70 գործարարների հետ այժմ խորհրդակցություն է անցկացնում։
Մաքուր երկաթի գործարանը 1996 թվականից Հայաստանում առաջինն է կազմակերպել մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտադրություն, իսկ արդեն 1999 թվականից այստեղ կազմակերպվել է մոլիբդեն մետաղի փոշու և մոլիբդեն մետաղի արտադրություն։ Ներկայումս այստեղ կառուցվում է մոլիբդեն մետաղի գլանման արտադրամաս՝ թիթեղների ստացման համար։ Գործարանի աշխատակիցների թիվը 600 է։ Նրանց միջին աշխատավարձը 200 հազար դրամ է։
Հանրապետության առավել դինամիկ զարգացող մետալուրգիական ձեռնարկություններից մեկի՝ «Արմենիա մոլիբդեն փրեդաքշընի» արտադրանքի 80 տոկոսը արտահանվում է Եվրոպա, 20 տոկոսը՝ Ասիա։ Ընկերության ղեկավարությունը նախատեսում է այս տարի ավելացնել ֆերոմոլիբդենի արտադրության ծավալը։ Այսօրվա դրությամբ ընկերությունում աշխատում է շուրջ 500 մարդ։ Այս տարվա հուլիսին գործարանում կավարտվեն հիդրոմետալուրգիայի արտադրամասի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա արտադրել մաքուր մոլիբդեն և վերամշակել ինչպես ցածր որակի խտանյութ, այնպես էլ երկրորդական հումք։
«Արմենիա մոլիբդեն փրոդաքշընի» սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, ով նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերն է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ամբողջովին հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները։
Ապրիլ 11, 2011
