

Արմենպրես
ՀՀ բնապահպանության նախարարության վերջին տվյալների համաձայն` Սեւանա լճի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 37 սմ-ով բարձրացել է` հասնելով 1900, 02 մետրի, ինչն ինքնստինքյան դրական ազդեցություն է ունենում Սեւանա լճի կենդանական եւ բուսական աշխարհի վրա:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ապրիլի 11-ի դրությամբ` Սեւանա լճում կա շուրջ 180-200 տոննա սիգ, նույն քանակությամբ կարաս, մոտ 60-70 տ կողակ, 1200-1500 տ խեցգետին, իսկ իշխանի պաշարների վերաբերյալ դեռեւս ստույգ թիվ չկա: Արտաշես Զիրոյանի խոսքով` ձկների քանակությունն ավելացնելու եւ դրանց պոպուլիացիան Սեւանա լճում կայունացնելու նպատակով` 2011 թվականին Սեւանա լիճ է բացթողնվելու 240 հազար հատ 3գ եւ ավելի քաշով գեղարքունի եւ 192 հազար հատ ամառային իշխանի մանրաձուկ, ինչի համար նախատեսվում է մոտ 60 մլն դրամ ներդնել:
Սակայն, ինչպես նշեց նա, մինչեւ ձկների սեռահասուն տարիքի հասնելը, լճում կենդանի կմնան դրանց մոտ 15-20 տոկոսը: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2010 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատված եւ ներկայում գործող «Սեւան ազգային խորհուրդ» ՊՈԱԿ-ի կառավարման հանձնաժողովի ու ՀՀ ԳԱԱ-ի «Սեւանա լճի պահպանության փորձագիտական» հանձնաժողովի կողմից մշակման փուլում է «Սեւան ազգային պարկ»-ի կառավարման 2012 - 2017 թթ-ի պլանը, որն իր մեջ ներառում է «Սեւան» ԱՊ-ի աշխատանքների պլանավորման, ուսումնասիրման, հսկողության ու վերահսկողության մեխանիզմներն ու ուղղությունները: Այն բաղկացած է 43 կետից:
«Նախատեսվում է ստեղծել Սեւանա լճի պահպանման, վերականգնման եւ զարգացման մշտական հիմնադրամ, գործող արտոնագրային ձկնորսության եղանակի ու մեխանիզմների կատարելագործում, հանրային լողափերի կազմակերպում: Ինչպես նաեւ նախատեսվում է Սեւանա լիճ թափվող 28 գետերից մի քանիսին տալ արգելավայրային կարգավիճակ` իշխանի եւ կողակի բնական բազմացումը ապահովելու նպատակով: Հավանական է, որ դրանք լինեն Վարդենիսը, Մասրիկը, Գավառագետը եւ այլ գետեր, եւ միաժամանակ նախատեսվում է կանոնակարգել ու խստացնել նոր նախատեսվող փոքր ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումը»,- ասաց Արտաշես Զիրոյանը:
Ապրիլ 12, 2011
