

ԷկոԼուր
Կառավարությունը շարունակում է հողերը դուրս բերել գյուղատնտեսական շրջանառությունից եւ տալ հանքարդյունաբերությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը. «Հաշվի առնելով Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բաց հանքի ընդլայնման հեռանկարները, Քաջարան, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Ձափնի և Սյունիք համայնքների քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ կառավարությունը ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Նշված տարածքների ձեռքբերող է հանդիսանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:
Մեկ այլ որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի շահագործման ծրագիրը` քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ։ Տարածքների ձեռքբերողն է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 836-Ն որոշմամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին տրամադրվել է Սյունիքի մարզի «Ողջի» տարածքից 206 հա անտառային հողատարածք, որի 135,7 հեկտարը անտառ է: Հիմնավորումը նույնն է` հանրային գերակա շահ:
Ապրիլ 29, 2011 at 14:51
