Ամենօրյա հոգատարության ու խնամքի շնորհիվ կապահովվի «Կանաչ Երևան» ծրագրի իրականացումը

Ամենօրյա հոգատարության ու խնամքի շնորհիվ կապահովվի «Կանաչ Երևան» ծրագրի իրականացումը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների տնօրենների հետ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել է մայրաքաղաքի կանչապատման ընթացիկ և նախատեսված աշխատանքներն ու առանձնացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ անելիքները դեռ շատ են: Գնահատելով ներկայում կատարվող աշխատանքները` քաղաքապետը նշել է, որ <<Կանաչ Երևան>> կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների խնամքը և հնարավորին ավելացնել դրանք:

«Մեր բոլորի նպատակն է Երևանը տեսնել կանաչ ու գեղեցիկ: Նպատակային օգտագործելով ֆինանսական միջոցները և կիրառելով նոր մոտեցումներ` պետք է ամենօրյա հետևողական աշխատանք տանենք և մեր հոգատարության շնորհիվ ապահովենք ցանկալի արդյունք: Ինչ խոսք, մի քանի ամսում ամբողջովին կանաչ քաղաք ունենալը իրատեսական չէ, սակայն հենց այսօրվանից պետք է կենտրոնացնենք բոլոր ուժերը և սկսենք այդ նպատակին ուղղված մեր աշխատանքները»,- նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ աշխատանքի որակը կախված է նաև յուրաքանչյուր աշխատակցի սրտացավ վերաբերմունքից:

Քաղաքապետը նաև նշել է, որ մայրաքաղաքի զբոսայգիների, պուրակների և  կենտրոնական փողոցների կանաչապատման ու ծաղկապատման աշխատաքներին զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն նաև բակային տարածքներում ու այն հատվածներում, որտեղ հնարավոր է ունենալ բարեկարգ և կանաչապատ գոտի: Հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում մայրաքաղաքի ոռոգման ցանցի արդիականացման ուղղությամբ կատարված ու շարունակվող աշխատանքները` Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ամբողջությամբ կլուծվի ոռոգման ջրի խնդիրը` հավելելով, որ մասնավորապես այս տարի նախատեսված է 16 կմ ջրագծի անցկացում: Կկրկնապատկվի ծաղկային ձևավորումների և սիզամարգերի թիվը, կհամալրվի նաև մշտադալար ծառերի քանակը: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հետևողական աշխատանք տանել ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ, այդ թվում նաև ծառերի ապօրինի կտրման հնարավոր դեպքերի բացահայտման ու բացառման նպատակով գիշերային ժամերին տարածքները վերահսկելով:

«Պետք է բացառել ցանկացած ծառահատում:  Ասել եմ ու մեկ անգամ էլ կկրկնեմ, որ կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում մայրաքաղաքում չի թույլատրվելու»,- նշել է քաղաքապետը:

Կանաչապատման ձեռնարկությունների տնօրեններն իրենց հերթին խոստացել են անել ամեն ինչ, որպեսզի առաջիկայում մայրաքաղաքում վերականգնվեն երբեմնի կանաչ տարածքները, ավելացվեն ծառերի ու ծաղիկների քանակը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև, անհրաժեշտության դեպքում, ավելացնել աշխատուժը և խրախուսել աշխատակիցներին:

Մարտ 21, 2012 at 18:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր