Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելիին եւ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկել են համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելիին եւ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկել են համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր

ԷկոԼուր

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելիին: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարը, ողջունելով դեսպանին, նշել է, որ կարևորում է բնապահպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված  հարաբերությունների բարձր մակարդակը:

Նախարար Հարությունյանը ասել է, որ դեռևս 1995թ. սկսված սերտ համագործակցությունը ծավալվել է տարբեր ուղղություններով՝ հատկապես ընդգծվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված համատեղ գործունեությունը, «Թվինինգ» ծրագրի իրականացումը, «Արփի լիճ» անդրսահմանային ազգային պարկի ստեղծման ծրագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա փետրվարի 26-28-ը  նախարարի Գերմանիա կատարած այցի արդյունքներին: Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոսել «Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համատեղ հռչակագրի շրջանակներում կատարվող աշխատանքների մասին:

Անդրադարձ է կատարվել Գերմանական վերակառուցման բանկի (KfW), Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (GIZ), գերմանական Բնության պահպանության և կենսաբազմազանության միություն (NABU) կազմակերպությունների և միջազգային WWF-ի հետ ակտիվ համագործակցությանը:

Դեսպանը իր հեթին նույնպես բարձր է գնահատել Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը:

Մորելիի խնդրանքով նախարար Հարությունյանը ներկայացրել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ապահով չեզոքացման ծրագրի ընթացքի մասին: Նախարարի տեղեկացմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: «Ներկայումս քննարկվում են թունաքիմիկատների ոչնչացման 2 տարբերակ՝ ոչնչացումն իրականացնել Հայաստանում կամ թունաքիմիկատները Հայաստանից արտահանելով՝ թունաքիմիկատների ոչնչացումն իրականացնող համապատասխան հզորություններ ունեցող երկրում»,- նշել է Արամ Հարությունյանը:

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին հրավիրել է համատեղ այց կազմակերպել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել դեսպանի կողմից:

Կողմերը պայմանավորվել են նաև ակտիվ հանդիպումների միջոցով ավելի ակտիվացնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում:

Մայիս 31, 2013 at 11:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր