

ԷկոԼուր
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները և անդրադարձել համագործակցության հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին` գյուղատնտեսական ապրանքների արտահանում, հանքահումքային և քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, ֆինանսական համակարգ, առողջապահական զբոսաշրջություն: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:
Քուվեյթից ժամանած պատվիրակության անդամները հետաքրքրվել են Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գործող օրենսդրական և հարկային դաշտի մանրամասներով: Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի «Doing Business» ինդեքսով աշխարհի 184 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 32-րդ տեղը, ինչը վկայում է մեր երկրում բարենպաստ բիզնես միջավայրի և լիբերալ հարկային դաշտի առկայության մասին: Նա հավելել է, որ «Զարգացման հայկական գործակալությունը» Քուվեյթի պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Հայաստանում արտասահմանյան ներդրողների համար գործող օրենսդրության և հարկային արտոնությունների վերաբերյալ:
Հունիս 03, 2013 at 15:54
