

ԷկոԼուր
Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սույն թվականի մայիսի 23-ին արտոնություններ տվեց «Ատ-մետալս» ՍՊԸ-ին` ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելով մինչև 2016թ. մայիսի 30-ը։
«Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար։
Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս: Հետագայում վերամշակման ժամանակ առաջացած «պոչերը» կիրառվելու են շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում։
2013թ. պետք է թողարկվի շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ»,- այս մասին տեղեկացրել էր ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Նշենք, որ ՀՀ բնապահպանության կայքում այս հանքի շահագործման, կամ հանքաքարի վերամշակման վերաբերյալ որեւէ նախագիծ ներկայացված չի եղել:
Հուլիս 15, 2013 at 13:03
