

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը կմերժի «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին` մինչև երեք տարի ժամկետով հետաձգել 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Այս մասին որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է. ««Հիդրո Կորպորացիա» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2005թ.: Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` նախատեսվում է Արգիչի գետի վրա «Արգիչի ՓՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի կառացումը: Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է գնել և ՀՀ տարածք Թուրքիայից ներմուծել GRP տեսակի խողովակներ` 9.09 կմ երկարությամբ մոտ 862.5 մլն դրամ արժողությամբ:
Ընկերությունը նախատեսում է 2014թ. շահագործել հիդրոէլեկտրակայանը` արտադրելով մոտ 568.9 մլն դրամի էլեկտրաէներգիա և արդյունքում ապահովել 17 աշխատատեղ` մոտ 35.7 հազ միջին աշխատավարձով:
Հիմք ընդունելով այն, որ ԱԱՀ-ի գումարների երկարաձգման թույլտվության տրամադրման նպատակն է խթանել հանրապետություն նոր ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներկրումը, արտահանման խթանումը, ներմուծման փոխարինումը, ինչպես նաև նոր որակյալ աշխատատեղերի ստեղծումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N1119-Ն որոշման պահանջներով` ընկերության կողմից ներկայացված ծրագրի ամփոփված գնահատականը կազմել է 25.3 միավոր, որը համաձայն նշված որոշման արժանացել է բացասական եզրակացության»:
Հետաքրքիր է, եթե «Հիդրո Կորպորացիա»-ն հիմնադրվել է 2005- թվականին, ապա ինչպես է 2004թ-ինՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիա ստացել: Ներկայացնում ենք Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանին ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի 2012թ-ի պատասխան նամակից մի հատված. «Հիդրո Կորպորացիա» ընկերությունը 19.11.2004 թվականին ստացել է ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիա մինչև 19.11.2006 թվականի գործունեության ժամկետով, որն էլ 10.11.2006 թվականին երկարաձգվել է մինչև 19.11.2008 թվականը:
Տվյալ ջրօգտագործման թույլտվության ժամկետը 02.11.2007 թվականին լրացել է, ինչն էլ, ղեկավարվելով ՀՀ ջրային օրենսգրքի 36-րդ հոդվածի՝ «Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը 3 տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որևէ օրինական հիմքերի, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է դադարեցված և ճանաչվում է առ ոչինչ» դրույթով, պետք է հաշվի առնվեր այդ ժամկետից հետո ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիայի ժամկետի հետագա երկարաձգումների ժամանակ: Չնայած դրան, այնուհետև «Հիդրո կորպորացիա» ՍՊ ընկերությունը ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիա է ստացել 2008 թվականից հետո՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ (12.11.2008 թվականից մինչև 19.11.2010 թվական. այնուհետև 17.11.2010թվականից մինչև 19.07.2012թվական և վերջինը 18.07.2012 թվականից մինչև 2013 թվականի նոյեմբեր):
Ջրօգտագործման թույլտվությունը տրված է 02.11.2004թ.:
Նախագիծն անցել է էկոփորձաքննություն` 04.06.2006թ. ԲՓ-70...»:
Օգոստոս 14, 2013 at 14:47
