

ԷկոԼուր
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը բացառիկ գերակա շահ է ճանաչում Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք հողերի նկատմամբ: Այս որոշման նախագիծը ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի քննարկմանն է ներկայացրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Որոշման նախագծում նշված չէ, թե քանի հեկտար հողատարածք է օտարվելու Թալինից: Նշված են միայն հողերի կադաստրային ծածկագրերը եւ որ պատկանում են «Մուշ-1» ՍՊԸ-ին, Արծրուն Պետրոսյանին, «Գալոֆարմ» ՍՊԸ-ին: Սեփականության oտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2013 թվականի դեկտեմբերի 30-նն է: Ուշագրավ է, որ հողերի սեփականատերերն իրենց հողերի օտարման մասին պետք է իրազեկվեն կառավարության որոշման ընդունումից հետո: ««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ծանուցել oտարվող սեփականության սեփականատերերին և oտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց»,- մասնավորապես նշված է որոշման նախագծում:
Այս ծրագրի իրականացման շրջանակներում, բացի Թալինից բացառիկ գերակա շահ են ճանաչվել, Կաքավաձորի, Փարպիի, Արուճի, Կոշի, Ուջանի, Աղձքի, Ագարակի մի շարք հողերի նկատմամբ:
Ըստ որոշման նախագծի` նշված ծրագրի իրականացման շահը գերակայում oտարվող սեփականության սեփականատերերի շահերին, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգացվի ենթատարածաշրջանային և պետական տրանսպորտային ցանցը:
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները` միանալով վրացական ճանապարհային ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք` Թբիլիսի:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը 2009թ.-ից մինչև 2017թ-ն է: Ծրագրի արժեքը 1,453 միլիոն դոլլար է: Վարկը տրամադրել է Ասիական զարգացման բանկը:
Սեպտեմբեր 26, 2013 at 10:09
