

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունն արտոնություններ է տալիս «GeoProMining Gold» ընկերությանը: Գործադիրը հոկտեմբերի 3-ին ընդունած որոշմամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. հունիսի 17-ը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` «GeoProMining Gold»-ը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս` ներդնելով Ալբիոն տեսակի տեխնոլոգիա, որը ներառում է հանքաքարից հարստացված խտանյութի ստացումը, դրա գերմանր աղացումը և թթվածնի օգնությամբ խտանյութի սուլֆիդային մասի օքսիդացումը: Ծրագրով նախատեսվում է նաև հիմնովին վերազինել եղած արտադրական հզորությունները, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա 30-35 տոկոսով մեծացնել արտադրանքի ծավալը` զուգահեռաբար ավելացնելով (60-ով) աշխատատեղերը և պետբյուջե ուղղվող հարկային մուտքերը:
Ինչպես նշված է որոշման նախագծում, ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 9.14 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ, որոնք ուղղված կլինեն համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը:
Հիշեցնենք, որ «GeoProMining Gold» ընկերությունը շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը, որի հանքաքարից ցիանիդի միջոցով ոսկի է կորզում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում: Մի քանի տարի առաջ «GeoProMining Gold»-ը մտադրություն հայտնեց ոսկու կորզման ֆաբրիկան Արարատից տեղափոխել Սոտք` Սեւանա լճի ավազան, ինչի արդյունքում կկրճատվեր հաքաքարի Սոտքից Արարատ տեղափոխելու ճանապարհածախսը: Սակայն լայն հասարակայնության բողոքի արդյունքում այս նախաձեռնությունը կանխվեց, քանի որ ֆաբրիկայի տեղափոխումը մեծապես կվնասեր Սեւանա լճին:
Հոկտեմբեր 04, 2013 at 09:45
