Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հավատում է ընդերքօգտագործողների ազնվությանը

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հավատում է ընդերքօգտագործողների ազնվությանը

ԷկոԼուր

Եթե հանքավայրի որեւէ տարածքում երկրաբանական մերկացում­ներ, հանքաբանական գոյացումներ, գիտամշակութային հատուկ արժեք ներկա­յացնող ընդերքի տեղամաuեր, բնական լճեր ու աղբյուրներ, կարստային քարանձավներ հայտնաբերվեն, ապա ընդերքօգտագործողը պետք է դադարեցնի իր գործունեությունը տվյալ տարածքում: Դեռեւս նման բան չկա, սակայն այս գործընթացը պետք է իրականացվի հոկտեմբերի 17-ից հետո, եթե ՀՀ կառավարությունը հանավանություն տա «Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի կարգավիճակը և պահպանության կարգը սահմանելու մասին» որոշման նախագծին: Այն գործադիրին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:  

Որոշման նախագծի համաձայն` ընդերքoգտագործողը երկրաբանական այդ հազվագյուտ օբյեկտներից որևէ մեկը հայտնաբերելու դեպքում տվյալ վայրում պետք է դադարեցնի աշխատանքները և այդ մասին տեղեկացնի  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Վերջինս կստեղծի հանձնախումբ, որը համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո 10 օրվա ընթացքում կտա եզրակացություն տվյալ օբյեկտի վերաբերյալ: Եթե եզրակացությունը դրական լինի, ապա ընդերքօգտագործողի կողմից զբաղեցրած տարածքում կարգելվի իրականացնել ցանկացած գործունեություն, որը կսպառնա տվյալ օբյեկտի պահպանությանը: Եթե եզրակացությունը բացասական լինի, ապա ընդերքօգտագործողը կարող է վերսկսել աշխատանքները:

Հարց է առաջանում` ինչ օգուտ այս ամենից ընդերքօգտագործողին և ինչ վնաս, եթե նա չհայտնի երկրաբանական օբյեկտի մասին: Պարզվում է, որ ոչ մի վնաս էլ չի լինի, քանի որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մշակած վերոնշյալ կարգում ոչ մի պատիժ կամ տուգանք նախատեսված չէ ընդերքօգտագործողի համար, եթե նա լռի և չտեղեկացնի նախարարությանը:

Ստացվում է, որ նախարարությունն անվերապահորեն վստահում է ընդերքօգտագործողներին, քանի որ հանձնախումբ է ստեղծելու միայն ընդերքօգտագործողի տեղեկացնելուց հետո, եւ առանձին մարմին չի լինելու, որը կուսումնասիրի ընդերքօգտագործողներին տրամադրված տարածքները` չսպասելով հրավերի:

Լուսանկարը` lragir.am-ի

Հոկտեմբեր 17, 2013 at 11:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր