Նշանակվել է մոտ 1.4 միլիոն դրամի տույժ և տուգանք

Նշանակվել է մոտ 1.4 միլիոն դրամի  տույժ և տուգանք

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 10.03-14.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  730.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 662.77 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 500.0 հազար դրամ գումար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Աղբյուրի համաձայն՝ Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված՝ օրենսդրության բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 282.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժանման աշխատակիցների՝ երկու կազմակերպություններում  իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 230.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 350.77 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                   

Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման փաստով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում,  առգրավվել է 3.2կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 5 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 5.0կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Մարտ 25, 2014 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր