

ԷկոԼուր
2014թ. մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հեկտարի փոխարեն կկազմի 7.5 հեկտար: Այս մասին ապրիլի 29-ին Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը զեկուցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Զեկուցվել է նաեւ, որ այս տարի Հոլանդիայից ներկրված շուրջ 1 միլիոն 200 հազար և ջերմատանն աճեցված ևս 1 միլիոն ծաղկասածիլներն ու շուրջ 150 հազար փիփերթները շուտով կտեղափոխվեն սիզամարգեր: Ավարտին է մոտենում բազմերանգ շուրջ 600 հազար կակաչների ծաղկման շրջանը և կակաչների սոխուկները պատրաստվում են տեղափոխել պահպանման՝ դրանք աշնանը կրկին վերատնկելու համար: Մեկնարկել են վարդի թփերի տնկման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում մայրաքաղաքի սիազամարգերը կզարդարեն շուրջ 40 հազար վարդեր:
«Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր ջերմոցային տնտեսությունը, ինչը հնարավորություն կտա ավելի շատ ծաղկատեսակներ ու ծաղիկներ աճեցնել: Բացի այդ, մայրաքաղաքի կանաչապատման հարցում մենք համագործակցում ենք նաև մի շարք միջազգային կառույցների հետ և համոզված ենք, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք լուրջ արդյունքներ գրանցել բնապահպանության ոլորտում»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` նշելով, որ ընթացիկ տարում բնակիչների տնօրինմանը կհանձնվեն 10 նոր այգի և շուրջ 600 բակ: «Մենք ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկում ենք նաև Երևանի անտառագոտիների վերականգնման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, որոնք, համոզված եմ, հնարավորին արագ կյանքի կկոչենք», - նշել է քաղաքապետը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացվել նաեւ նոր ներկրված շուրջ 200 մեքենասարքավորումները, որոնք նախատեսված են ինչպես խոտ հնձելու, այնպես էլ տերևներ հավաքելու համար: Կանաչ տարածքների պատշաճ խնամքն ապահովելու նպատակով դրանք առաջիկայում կհատկացվեն մայրաքաղաքի վարչական շրջաններին:
Երևանի բոլոր վարչական շրջաններում, գարնանային ծառատունկի ժամանակ ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 30 հազար ծառ և թուփ: 2014 թվականի կանաչապատման ծրագրերի ընթացքում էլ նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսը ընդհանուր առմամբ հասցնել 850.0 հեկտարի:
Ապրիլ 30, 2014 at 13:37



