

ԷկոԼուր
Հայաստանի աղբի նկատմամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետաքրքրությանը միացել են նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Գերմանական զարգացման բանկը (KfW): Վերջիններիս հետ ՀՀ կառավարությունը կհամագործակցի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, KfW-ի կողմից կատարվում են Վանաձոր, Սպիտակ եւ Դիլիջան քաղաքների կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրերի իրագործելիության ուսումնասիրություններ: ՎԶԵԲ-ը նույնպես նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Հրազդանի եւ Սեւանի տարածաշրջանների համար: Իսկ ԱԶԲ-ն արդեն իսկ ավարտել է ոլորտում ազգային ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, որը բանկն իրականացնում էր ՀՀ կառավարության առաջարկով:
«Աղբահանության խնդիրը մեզ համար օրակարգային հարց է դառնում՝ ոչ միայն բնակչության կենցաղի բարելավման, այլեւ զբոսաշրջության զարգացման, մեր երկրի ներդրումային գրավչության տեսակետից»,-ընդգծել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 7-ին բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Փոխվարչապետն առաջարկել է կատարված ուսումնասիրությունների եւ ծրագրերի ֆինանսական գնահատականների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ մասնագիտական եզրակացություններ ստանալու համար:
Մայիս 09, 2014 at 14:17
