

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հունիսի 26-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի (ԱԿՀՀ) ներդրման տեխնիկական առաջադրանքը հաստատելու մասին» որոշման նախագծին: Նախագիծը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է անարդյունավետ ջրօգտագործման հետեւանքով Արարատյան դաշտում ստեղծված բարդ իրավիճակով: ԱԿՀՀ ներդրման նպատակն է ջրօգտագործման ծավալների նկատմամբ առցանց հսկողության իրականացումը՝ ապահովելով շահառուների համար տեղեկատվության հասանելիություն:
ԱԿՀՀ տեխնիկական առաջադրանքը նախատեսում է.
1. ԱԿՀՀ ծրագրի մշակումը և շահագործումը պետք է իրականացվի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ
2. ԱԿՀՀ պետք է ապահովի Արարատյան դաշտի ջրօգտագործման ռեժիմի ծավալների հաշվառումը, հավաքագրումը և էլեկտրոնային եղանակով փոխանցումը՝ ըստ առանձին ջրաղբյուրների, ջրօգտագործողների, ինչպես նաև բնակավայրերի և ջրահավաք ավազանների համար ընդհանրական կտրվածքով
3. ԱԿՀՀ կողմից հավաքագրվող տվյալները պետք է ներառեն, սակայն չսահմանափակվեն (պայմանավորված համակարգում ներդրվող արդի տեխնոլոգիաների տեխնիկական հնարավորություններից)
4. Ջրօգտագործման անխափան շարունակական հաշվառում
5. հաշվառված տվյալների մատչելիություն և հասանելիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն
6. Մոնիտորինգի իրականացման, հաշվառված տվյալների արխիվացման և դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու տեխնիկական հնարավորություն
7. ԱԿՀՀ կողմից տվյալների հավաքագրումը պետք է ապահովի չընդհատվող և հուսալի հաշվառում, ըստ՝ ժամանակահատվածի (ջրօգտագործման տևողություն, ընդհատումներ, ժամ, օր, տարի)
8. ԱԿՀ համակարգը ապահովում է տվյալների փոխանցումը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային տարածքային կառավարման բաժիններին (ըստ ջրօգտագործման տարածքային պատկանելիության), աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արմավիրի և Արարատի տարածքային բաժիններին (ըստ տարածքային պատկանելիության)՝ որպես շահառուներ
9. ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպում, տիրապետում, տնօրինում է Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգ ներդրումը և ապահովում է դրա անխափան շահագործումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ջրօգտագործման թուլտվության պահանջներին համապատասխան կատարում է փոփոխություն ջրօգտագործող անձի (բացառությամբ խմելու ջրի մատակարարման և ոռոգման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների) կողմից իրականացվող ջրօգտագործման ծավալներում և ռեժիմներում՝ ընդհուպ մինչև դրանց օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանափակումները
10. ԱԿՀՀ հավաքագրված տվյալները պետք է հասանելի լինեն օգտատերերին և շահագրգիռ կողմերին, առնվազն կայք-էջի միջոցով։
Հունիս 27, 2014 at 12:38
