

ԷկոԼուր
Եթե հանքարդյունաբերական ընկերությունները չլուծեն պոչամբարների հետ կապված խնդիրները, ապա Բնապահպանության նախարարությունը լուրջ մոտեցումներ կցուցաբերի` ընդհուպ մինչեւ դադարեցնելով ընկերությունների գործունեությունը: Այս մասին օգոստոսի 11-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը իր 100-օրյա աշխատանքային գործունեության ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակը: «Այստեղ խնդիրը բարդ է, որովհետև ոչ մի պոչամբարում մենք չտեսանք համապատասխան փակ տարածքներ, որ կենդանիները չմոտենային: Պոչամբարներում, որոնք գտնվում են ձեռնարկության ներսում, խնդիրներ չենք տեսնում: Կային դժգոհություններ, որ համայնքի խնդիրներին լուծումներ չեն տրվում: Մենք հետագայում մեր առջև դնելու ենք խնդիր, որ այնտեղ, որտեղ պետք է իրականանա հանքարդյունաբերություն, առաջնահերթություն տրվի նաև այդ տարածքի համայնքների կոմունալ-կենցաղային խնդիրներին, բնապահպանական նորմերին: Կային նաև վտանգներ, որ հնարավոր է պոչամբարներից լինեն սողանքներ: Այդ հարցով զրուցել ենք համապատասխան սեփականատերերի, գործադիր տնօրենների հետ, հանձնարարականներ ենք տվել, որպեսզի իրենք շատ արագ լուծում տան այդ խնդիրներին: Մենք տեր ենք լինելու մեր հանձնարարականին, և եթե լինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա այդ խնդիրները լուծել՝ օրենքով սահմանված շատ լուրջ մոտեցումներ կցուցաբերենք, անգամ կդիմենք լիազոր մարմնին, որպեսզի գործունեությունը դադարեցվի»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:
Արձագանքելով ՀՀ բնապահպանության նախարարի հայտարարությանը` ԷկոԼուրը սկսում է հրապարակել պոչամբարների վերաբերյալ ԷկոԼուրի իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
Օգոստոս 12, 2014 at 13:50
