

ԷկոԼուր
«Արարատի և Արմավիրի տարածաշրջանում ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործվում, քան թույլատրելի է»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը օգոստոսի 11-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
Գործադիրն այս ուղղությամբ քայլեր է սկսել ձեռնարկել։ 2013 թ հոկտեմբերի 31-ի թիվ 1233-Ն որոշմամբ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է 107,497.4 հազար դրամ: Նախարարության հաշվետվության համաձայն՝ այդ դրամաշնորհի միջոցներով եւ համայնքների ու տնտեսվարող սուբյեկտների միջոցներով ընդհանուր առմամբ լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի են բերվել 97 հորատանցք՝ ընդհանուր 1570 լ/վ ջրաքանակով:
«Տնտեսել ենք 340 լ/վրկ ջուր: Դա տարեկան կտրվածքով կազմում է մոտ 11 միլիոն խ/մ ջուր: Այստեղ մեզ աջակցում է և՛ դատախազությունը, և՛ ոստիկանությունը, և՛ ազգային անվտանգությունը (ԱԱԾ), և՛ մարզպետարանը: Կարճ ժամանակ հետո դուք կտեսնեք, որ մեր տնտեսումները շատ ավելի մեծ են լինելու: Մենք որևիցե խոչընդոտի առջև չենք կանգնում, մարդկանց ով լինելը հաշվի չենք առնում և իրականացնում ենք մեր աշխատանքը»,- ասաց բնապահպանության նախարարը։
Նա նշեց, որ նախարարությունը մշակել է ավտոմատ համակարգի վերաբերյալ որոշման նախագիծ, որն առաջիկայում ներկայացնելու է կառավարության քննարկմանը: «Ցանկություն ունենք տեղադրելու ավտոմատ համակարգը բոլոր ձկնաբուծական տնտեսություններում, որպեսզի կարողանանք կառավարել մեկ կետից: Որտեղ կլինեն չարաշահումներ, վայրկյանական, ավտոմատ կերպով այդ ջրերը կփակվեն»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նա նշեց, որ Հայաստանը չունի ջրային ռեսուրսների կառավարման պլաններ եւ դրանց մշակելուն աջակցելու համար դիմել է դոնոր կազմակերպություններին։
Հիշեցնենք, որ Արարատյան դաշտում կա 190 ձկնաբուծարան: ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1.496 միլիարդ խմ ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, որը ջրի վերականգնվող պաշարից 300 միլիարդ խորանարդ մետրով ավելի է: 7 տարվա ընթացքում 303 հորերից 122-ը չորացել են:
Օգոստոս 13, 2014 at 13:27
