

ԷկոԼուր
Սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ռազմավարությունը, պահպանության և օգտագործման պետական ծրագիրը, 2014-2020թթ. միջոցառումները:
«Հայաստանի ԲՀՊՏ-ների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագրի» համաձայն` Հայաստանի ԲՀՊՏ-ների ճնշող մեծամասնությունում բացակայում են լիարժեք տվյալներ կենսաբազմազանության վերաբերյալ, անբավարար են ներկայացված կիսաանապատային և տափաստանային լանդշաֆտները, անկատար են ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմները:
Հենց այս խնդիրների լուծմանն է ուղղված Ծրագրի իրագործումը:
Մասնավորապես, 2014-2020 թթ. իրականացվելու է 34 միջոցառում, որոնց արդյունքում`
ա. բարձրանալու է ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը
բ. ԲՀՊՏ-ների համակարգում ապահովվելու է կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության ներկայացվածություն
գ. Ստեղծվելու է Ազգային էկոլոգիական ցանց:
Ներկայումս հանրապետությունում գործում են հետևյալ ԲՀՊՏ-ները`
- 3 պետական արգելոց` «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի», որոնք զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը.
- 4 ազգային պարկ` «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ», որոնք զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը.
- 232 բնության հուշարձան.
- 27 պետական արգելավայր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:
Սեպտեմբեր 29, 2014 at 12:52
