

ԷկոԼուր
Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանական եւ բուսական տեսակներով ամենահարուստը «Խոսրովի անտառ» պետական արգելոցն է և «Սեւան» ազգային պարկը: Այս բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) գրանցել է սունկերի, բարձրակարգ բույսերի, անողնաշարավոր եւ ողնաշարավոր կենդանիների կարմիրգրքյան 97 տեսակ: Անհետացող տեսակների առումով երկրորդ տեղում է «Արեւիկ» ազգային պարկը` 84 տեսակ: Երրորդ տեղը զբաղեցնում է «Շիկահող» պետական արգելոցը` 76 տեսակ: «Շիկահող»-ին իր 53 կարմիրգրքյան տեսակներով հաջորդում է «Զանգեզուր» պետական արգելավայրը, ապա 52 տեսակով` «Դիլիջան» ազգային պարկը, 40 տեսակով` «Խուստուփ» պետական արգելավայրը, 34 տեսակով` «Արփի» ազգային պարկը և 26 տեսակով` «Էրեբունի» պետական արգելոցը:
Եթե հաշվի առնենք, որ վերը նշված բնության հատուկ պահպանվող տարածքներից 4-ը` «Շիկահող» պետական արգելոցը, «Արեւիկ» ազգային պարկը «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերը գտնվում են Սյունիքի մարզում, ապա այս մարզն ամենից հարուստն է Կարմիր գրքում գրանցված տեսակներով` 253 տեսակ:
Նշենք, որ «Հայաստանի ԲՀՊՏ-ների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագրի» համաձայն` Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ճնշող մեծամասնությունում` հատկապես 27 արգելավայրերում, բացակայում են լիարժեք տվյալներ կենսաբազմազանության վերաբերյալ: Սա նշանակում է, որ լիարժեք ուսումնասիրությունների արդյունքում ԲՀՊՏ-ներում առկա կարմիրգրքյան տեսակների վերաբերյալ տեղեկություններն ու թվերը կփոխվեն:
Հ.Գ.
ԲՀՊՏ-ներում գրանցված կարմիր գրքյան տեսակների վերաբերյալ տվյալները վերցված են «Հայաստանի ԲՀՊՏ-ների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագրից»:
Սեպտեմբեր 29, 2014 at 13:14
