

ԷկոԼուր
Հայաստանի ջրերը օգտագործվում են ոչ ռացիոնալ, հայտնեց ՀՀ բնապահպանության առաջին տեղակալ Սիմոն Պապյանը Արմաշի լճեր կատարած այցի ժամանակ: «Այստեղ թերանում է և լիազորված մարմինը՝ բնապահպանության նախարարությունը, որը իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարում, և Ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը կառավարում է ջրային համակարգերը: Եթե խմելու ջրի կորուստները հասնում են մինչև 80 տոկոսի, իսկ ոռոգման ջրինը՝ 40-50 տոկոսի, դա անթույլատրելի է», - ասաց Սիմոն Պապյանը:
«Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եւ գործողությունների ազգային ծրագրի» համաձայն, Հայաստանում ընդհանուր ջրառը կազմում է տնօրինվող պաշարների մոտ 41 տոկոսը: Սակայն ջրամատակարարման համակարգում մենք կորցնում ենք այդ ջրի 80%-ը: Հայաստանում ամենամեծ ջրօգտագործողը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական կարիքների համար 2013 թ-ին օգտագործվել է ջրօգտագործման ընդհանուր ծավալի կեսը: Այստեղ իր ուրույն տեղն ունի ձկնաբուծությունը: Եթե ստորերկրյա աղբյուրների ջրառը կազմել է ընդհանուր ջրառի 45.5 %, ապա ձկնաբուծարանները 2013 թ-ին վերցրել են ստորերկրյա ընդհանուր ջրերի 38.3 %-ը:
Սիմոն Պապյանը անդրադարձավ կեղտաջրերի խնդրին. «Մենք չենք կարողանում պատշաճ մակարդակով մաքրել կեղտաջրերը, և բնությունը աղտոտում ենք: Մենք մաքրման կայաններում լուրջ խնդիր ունենք: Կառավարությունը հիմա փորձում է ներդրումներ անել և աստիճանաբար լուծել խնդիրը, բայց դրա համար ժամանակ է պետք»:
Կեղտաջրերի ոչ բավարար մաքրման արդյունքում տարեկան հազարավոր տոննա աղտոտիչ նյութեր են թափվում բնական ջրատարներ` հիմնականում գետեր: 2013 թ-ին այն կազմել է 215 հազար տոննա, նշված է «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եւ գործողությունների ազգային ծրագրում»:
Նշենք, որ Հայաստանում գործող մաքրման կայանները ջուրը մաքրում են մեխանիկորեն` ճաղավանդակների հետեւում պահելով աղբը:
Հետաքրքիր է, որ Ասիական զարգացման բանկը ցանկանում է Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման մոդելը ներդնել այլ երկրներում:
Հոկտեմբեր 08, 2014 at 12:43
