Նախարար Արամայիս Գրիգորյանը Արագածոտնի մարզում էր Թուխմանուկի հանքավայրի հարցով

Նախարար Արամայիս Գրիգորյանը Արագածոտնի մարզում էր Թուխմանուկի հանքավայրի հարցով

ԷկոԼուր

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Արագածոտնի մարզպետարանում մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ ԲՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների և ազդակիր համայնքների ղեկավարների հետ քննարկել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հանքավայրի, առկա և առաջիկայում շահագործվելիք պոչամբարների, ինչպես նաև ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աղբյուրի համաձայն` Մելիքգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանը նշել է, որ ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, ունի չվճարված աշխատավարձերի պարտքեր:

Տեղում ծանոթանալով իրավիճակին` նախարար Արամայիս Գրիգորյանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ ներկայացուցչի հետ զրույցում ընդգծել է. «Մենք ողջունում ենք մեր երկրում կատարվող ներդրումները և աշխատատեղերի ավելացման հեռանկարները, մենք կողմնակից ենք պատասխանատու և շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազ ազդեցություն ունեցող հանքարդյունաբերությանը և հետևողական ենք լինելու, որպեսզի ընկերությունը պատշաճ կերպով կատարի իր կողմից ստանձնած բնապահպանական և սոցիալական բոլոր պարտավորությունները»:

Քննարկվել է հանքավայրի և պոչամբարի հարակից տարածքով հոսող գետի էկոլոգիական վիճակի հարցը, ինչի հետ կապված նախարարը հանձնարարել է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ և կատարել ջրի հետազոտություն:

Անդրադարձ է եղել նաև մարզի օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների հարցերին: Նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ նախարարությունը հետևողական է լինելու ընդեքօգտագործող ընկերությունների՝ օրենքով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարման հարցում:

Հոկտեմբեր 29, 2014 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր