

ԷկոԼուր
«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրում իրականացնում է պաշարների վերագնահատման աշխատանքներ առանց ՀՀ բնապահպանության նախարարությանը որեւէ փաստաթղթի ներկայացման: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան նամակով տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը: Նամակում ասված է. «…հայտնում եմ, որ «Արմենիակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով իրականացված փորձաքննության արդյունքում 08.08.2006թ. տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ԲՓ-87 դրական եզրակացություն:
Միաժամանակ հայտնում եմ, որ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում կատարվել են նախկինում կառուցված մոտեցման ճանապարհների մաքրման եւ լայնացման աշխատանքներ մոտ 3000 գծամետր, իսկ ներկայումս ընթանում են պաշարների վերագնահատման աշխատանքներ 76մմ տրամագծով հորատումներ կատարելու միջոցով:
Ինչ վերաբերում է «Վայք Գոլդ» ՍՊԸ-ին, վերջինիս կողմից առ այսօր որեւէ նախատեսվող գործունեության փաստաթղթերի ներկայացվել փորձաքննության»:
Հիշեցնենք, որ Վայքի բնակիչների ահազանգերի հիման վրա ԷկոԼուրը դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը` տեսչական ստուգումներ անցկացնելու Ազատեկի հանքավայրում եւ հայտնաբերելու, թե որքանով է իրականացրած աշխատանքների արդյունքում աղտոտվում շրջակա միջավայրը:
2006թ-ին ուժի մեջ գտնվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն: Նույն հոդվածի 5-րդ կետով լիազորված մարմինը կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե ընդունվել է նոր բնապահպան օրենսդրություն: Նշենք, որ 2014թ-ին ուժի մեջ մտավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, որի 20-րդ հոդվածի 6-րդ կետը նույնպես նշում է, որ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Այսինքն, «Վայք Գոլդ» ընկերությունն ապօրինի գործունեություն է ծավալում Ազատեկի հանքավայրում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու պատկան մարմինները չեն դադարեցնում «Վայք Գոլդ»-ի ապօրինի գործունեությունը եւ պատասխանատվության կանչում:
Նոյեմբեր 13, 2014 at 13:05
