

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփեց նախարարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի, Բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման խնդիրներին:
ԷկոԼուրը ներկայացնում է մամուլի ասուլիսի նյութերը ըստ թեմաների:
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներ.
Արարատի և Արմավիրի մարզերի 146 համայնքներում իրականացվել են համայնքային պատկանելության հորատանցքերի հաշվառում: 2014 թ. սկզբից մինչև հունիս ամիս բնապահպանության նախարարության կողմից լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 253 լ/վրկ ջուր, որի տարեկան խնայողությունը կազմում է 8 միլիոն խմ: Հուլիսի 16-ից մինչև դեկտեմբերի 20-ը լուծարվել, կենսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքնում խնայվել է մոտ 23.886 լ/վրկ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 միլիոն խ/մ:
Հիդրոերկրաբանական մշտադիտարկումները ցույց են տվել, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում Արարատի Մարզի Մասիսի տարածաշրջանի Արևաբույր գյուղի դիտակետերում ջրի մակարդակների բարձրացում է նկատվել 4-12 սմ-ով, Սիս՝ 2-3 սմ, Դաշտավան՝ ծախսի ավելացում 0.04լ/վրկ, Հովտաշատ՝ ծախսի ավելացում 0.9 լ/վրկ, իսկ ձկնաբուծական տնտեսությունների մասով Հովտաշատ գյուղում նկատվել է ծախսի ավելացում 3-16լ/վրկ սահմաններում, Զորակ գյուղի մեկ տնտեսությունում՝ 24լ/վրկ: Մակարդակների բարձրացում է կատարվել Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն՝ 70սմ և Ակնաշեն գյուղերի դիտակետերում՝ 10-70սմ: Արմավիրի մարզի Գայ գյուղի շատրվանող հորատանցքում ծախսի ավելացումը 0.05լ/վրկ է:
«Ընդերքի վերականգնվող պաշարները հասնում են մինչև 1 միլիարդ 100 միլիոնի, և մենք այս տարածաշրջանում պետք է կարողանանք օգտագործել դրանից ավելի ցածր քանակությամբ ջուր, որպեսզի հետագա տարիներին ապահովենք վերականգնողական փուլը», - ասաց Արամայիս Գրիգորյանը:
Նախարարը նշեց, որ սկզբնական շրջանում ձկնաբույծները դժգոհ էին նախարարության աշխատանքներից, բայց ընդամենը մի քանի օր առաջ այդ նույն ձկնաբույծները շնորհակալություն են հայտնել: «Իրենք իրենց վրա զգացին, որ տեղի է ունեցել ջրի քանակի ավելցուկ և իրենք սխալ ճանապարհով են շարժվել, երբ դժգոհություն են ներկայացրել», - ասաց նախարար Գրիգորյանը՝ հայտարարելով, որ որևիցե ձկնաբույծի մոտ տնտեսական որևիցե կորուստ տեղի չի ունեցել:
Բնապահպանության նախարարությունն առաջիկա տարիներին իր առջև խնդիր է դրել, որպեսզի ձկնաբույծները քիչ ջրով շատ ձուկ արտադրեն: Ինչպես նշեց Արամայիս Գրիգորյանը՝ վերջնակետն այս ոլորտում կդրվի այն ժամանակ, երբ Մասիսի և Արմավիրի տարածաշրջանում կներդրվի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգ թվով 300 հորերում:
Դեկտեմբեր 23, 2014 at 14:53
