2014թ-ին 2013 թ-ի համեմատ արդյունահանվել է 3 միլիոն տոննայով պակաս հանքաքար

2014թ-ին 2013 թ-ի համեմատ արդյունահանվել է 3 միլիոն տոննայով պակաս հանքաքար

ԷկոԼուր

Հանքարդյունաբերության ոլորտում 2014թ-ի 11 ամիսների ընթացքում արդյունահանված հանքաքարը բնեղեն արտահայտությամբ կազմել է 22 մլն տոննա, 2013 թվականի` 25 մլն տոննայի դիմաց: Ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության ոլորտում ապրանքային արտադրանքը կազմել է մոտ 186 մլրդ դրամ, 2013 թվականի՝ 187 մլրդ-ի դիմաց: Այս մասին հունվարի 14-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը 2014 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

2014թ-ի համար ռոյալթի վճարվել է 21 մլրդ դրամ, 2013 թվականի 23 մլրդ-ի դիմաց և բնօգտագործման վճար վճարվել է 1.5 մլրդ դրամ, 2013 թվականի 1.7 մլրդ-ի դիմաց:

Երվանդ Զախարյանի խոսքով՝ ներկայումս հանրապետությունում գործում են օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված է 502 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների 28, ոչ մետաղական օգտակար հանածոների 445, հանքային ջրերի 29 թույլտվություն:

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար գործում է 84 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների երևակումների 62, ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների 22 թույլտվություն:

Տրված է նաև նավթի և գազի հայտնաբերման նպատակով երկրաբանական ուսումնասիրության 3 իրավունք:

2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ստացել է 18 հայտ, որոնցից 13 տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ընդերքօգտագործման իրավունք, 3-ը փորձաքննության փուլում են, իսկ 2-ը մերժվել են փաստաթղթերը օրենսդրության պահանջներին համապատասխան չներկայացնելու հիմքով:

Հունվար 15, 2015 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր