IDeA հիմնադրամը եւ WWF-Հայաստանը նախաձեռնում են ստեղծել «Տաթև» ազգային պարկը

IDeA հիմնադրամը եւ WWF-Հայաստանը նախաձեռնում են ստեղծել «Տաթև» ազգային պարկը

ԷկոԼուր

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) կհամագործակցեն բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում: Սույն թվականի փետրվարի 6-ին IDeA-ն եւ WWF-Հայաստանը այս կապակցությամբ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:  

Ինչպես տեղեկացնում է WWF-Հայաստանը, IDeA հիմնադրամը եւ WWF-Հայաստանը  համատեղ աշխատանքներ կիրականացնեն «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաև հանրապետության հարավում կնախաձեռնեն նոր բնության հատուկ պահպանվող տարածքի՝ «Տաթև» ազգային պարկի ստեղծումը: Վերոնշյալ նախաձեռնությունների նպատակը տարածքի յուրահատուկ էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանումն է, աջակցությունը էկոտուրիզմի զարգացմանը:

Հուշագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Մեր համագործակցությունն ուղղված է Տաթևի տարածաշրջանում բնության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը: IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանը զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ դարձնելն է, ինչը կնպաստի նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են՝ միջնադարյան վանական համալիրը, ճոպանուղին, հարուստ բնությունն ու յուրահատուկ էկոհամակարգը, որի պահպանումը կարևոր է նաև էկոտուրիզմի զարգացման առումով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի կյանքի կոչել տարածաշրջանի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը»,-նշեց IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը:

«Շատ կարևոր է մեր համագործակցությունը IDeA հիմնադրամի հետ, որի արդյունքում կպահպանվեն Տաթևի տարածքի յուրահատուկ էկոհամակարգը և կենսաբազմազանությունը, ինչպես նաև կստեղծվեն լայն հնարավորություններ տարածքում գտնվող համայնքների համար բարելավել իրենց ապրելամիջոցները»,-ողջույնի իր խոսքում ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Փետրվար 06, 2015 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր