

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը մայիսի 7-ից սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, գայլերի մորթիները ընդունելու են յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երևան, Պ. Սևակի 7, մուտքը բակի կողմից/:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուչ սպանված գայլի մորթու համար որսորդները կպարգեւատրվեն 100 000 դրամ գումարով: Պարգեւավճար չի տրամադրվի, եթե գայլի մորթին ժամկետից ուշ ներկայացվի, որսորդը չունենա որսորդական վկայական, կամ այն ժամկետնանց լինի, գայլը որսված լինի արգելված եղանակով` ձգօղակով, թունավորելով, պայթեցնելով եւ ոչ համայնքի սահմաններում եւ այլն:
Կառավարությունը գայլերի որսի նման խրախուսումը պայմանավորում է համայնքներին գայլերի հարձակումներից պաշտպանելու, Հայաստանում գայլերի թվաքանակի կարգավորման անհրաժեշտությամբ, իսկ գայլերի թվաքանակի աճը բացատրում հետեւյալ կերպ. «Վերջին երեսուն տարիների ընթացքում գայլերի ոչնչացման համար պարգևատրման մեխանիզմներ չեն կիրառվել, և այդ գործընթացի բացակայությունը հանգեցրել է գայլերի թվաքանակի աճին: Այս հանգամանքը առաջ է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարիներին արձանագրվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով»:
Մայիս 05, 2015 at 12:34
