

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատելով KfW բանկի գործունեությունը տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում: Օգտվելով առիթից` բնապահպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ցուցաբերած քաղաքական կամքի և պատմական արդարության վերականգնմանն ուղղված վճռականության համար:
Անդրադառնալով մեր երկրի բնապահպանության ոլորտում KfW-ի հետ իրականացվող ծրագրերին` Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում բանկի հետ ակտիվ և հաջողված համագործակցության երկարամյա փորձը և շոշափելի հաջողությունները հատկապես Կովկասի կենսաբազմազանության պահպանության աջակցությանն ուղղված ծրագրերում»:
Տարածաշրջանային տնօրեն Եվա Վիթթն անդրադարձել է «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում» և «Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրերին: Քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացիկ հարցերը:
Անդրադառնալով Զանգեզուր կենսոլորտային համալիրի խնդրին` Արամայիս Գրիգորյանը նշել է. «Պահպանվող տարածքների համալիր կառավարման փորձը Հայաստանում թեև նոր է, այնուամենայնիվ, մենք էական առաջընթաց ունենք այս ոլորտում և կարող ենք ասել, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրը, որպես այդպիսին, արդեն կայացած կառույց է»: Կարևորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը` Արմայիս Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ մեկնարկել են «Տաթև» ազգային պարկի ստեղծման աշխատանքները, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն նաև աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման և կառավարման բարելավման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և խնայողության խնդիրներին: Խոսելով Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի մասին` Եվա Վիթթը նշել է, որ այն բավականին լուրջ և կառավարության տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանք պահանջող գործընթաց է և ակնկալում է բոլոր կողմերի ակտիվ գործունեությունը: Այս կապակցությամբ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ թեև ջրամբարաշինության և ոռոգման խնդիրները ՀՀ ԲՆ ենթակայությունից դուրս են, այնուամենայնիվ, Բնապահպանության նախարարությունը պատրաստ է իր ունեցած լիազորությունների շրջանակներում և մասնագիտական ռեսուրսներով աջակցություն ցուցաբերել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացին:
Կողմերն անդրադարձել են նաև նոր ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարներին և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու պատրաստակամություն հայտնել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մայիս 13, 2015 at 13:34
