2015-ին Լոռու համայնքները ավելի քիչ սուբվենցիա են ստացել, քան 2014թ-ին

2015-ին Լոռու համայնքները ավելի քիչ սուբվենցիա են ստացել, քան 2014թ-ին

ԷկոԼուր

2014 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիայի գումարից Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Աքորի, Հաղպատ, Օձուն և Հագվի համայնքներին հատկացվել է 216 միլիոն 688 հազար դրամ: 2015 թվականին 150 միլիոն 509 հազար դրամ հատկացվել է Ալավերդի, Աքորի, Հաղպատ և Օձուն համայնքների բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Հատկացված սուբվենցիաներով համայնքներում իրականացվել են խաղահրապարակների կառուցում, Ալավերդու Էնգելս թաղամասում գտնվող զբոսայգու կառուցապատում, համայնքային ճանապարհների վերանորոգում, նոր ճանապարհների և կոյուղագծերի կառուցում: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի, բնապահպանական վճարներից սուբվենցիաներ ստացած Ալավերդի, Ախթալա, Աքորի, Հաղպատ, Օձուն և Հագվի համայնքների ղեկավարների, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պետերի, ՀՀ ԲՆ տարածքային բաժինների ղեկավարների հետ քննարկել է 2014թ. հատկացված սուբվենցիաների միջոցով իրականացված բնապահպանական ծրագրային միջոցառումների արդյունքները և 2015թ. նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև Լոռու մարզի բնապահպանական խնդիրները: Համայնքի ղեկավարները բնապահպանության նախարարին առաջարկել են այնպես անել, որ  համայնքներին սուբվենցիաներ տրամադրվի ամեն տարի` առանց ընդհատումների: Նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ տրամադրվող սուբվենցիաների ընդհատման պատճառն այն է, որ համայնքները նախորդ տարիներին նախատեսվածից ավելի շատ են պահանջել և ստացել գումարներ, ինչի արդյունքում առաջիկա տարում որոշ համայնքների հատկացում չի նախատեսվում: Նախարարը հայտնել է, որ պետք է մշակվի այնպիսի մեխանիզմ, որով ամեն տարի համայնքները որոշակի համամասնությամբ ստանան սուբվենցիաներ, և հավելել, որ հանքարդյունաբերող ընկերություններում ստուգումներ անցկացնելու ժամանակ բնապահպանության նախարարությունը, համապատասխան մեխանիզմներով հաշվարկելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, օրենսդրական հիմնավորումներով վերջիններիս կառաջարկի ավելացնել բնապահպանական վճարները: Համայնքապետերը բարձրացրել են նաև ոչ մետաղական հանքերից բնապահպանական վճարներ հարկելու խնդիրը: ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ բարձրացված խնդիրը կքննարկվի և գործող օրենքների շրջանակում լուծում կտրվի, կարվի ամեն ինչ ի շահ համայնքների և շրջակա միջավայրի` հիշեցնելով նաև, որ  բոլոր հանքարդյունաբերող ընկերություններն իրենց նախագծերում ազդակիր համայնքների համար սոցիալական աջակցության ծրագրեր ունեն:

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը, որի տարածքում «Սագամար» ընկերությունը շահագործում է Արմանիսի ոսկու հանքը, ոչ մի սուբվենցիա չի ստանում: Սուբվենցիա չեն ստանում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ազդեցության տակ գտնվող Թեղուտ եւ Շնող համայնքները: Բանն այն է, որ ոչ «Սագամար» ՓԲԸ-ն, ոչ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված չեն  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական  վճարների  նպատակային  օգտագործման մասին» օրենքում, եւ նրանց վճարած բնապահպանական վճարները ուղղվում են պետական բյուջե, այլ ոչ համայնքներ:

Հուլիս 15, 2015 at 17:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր