

ԷկոԼուր
Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին տալ լիցենզիա վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար։
Որոշումը կայացնելիս՝ գործադիրը հաշվի է առել, որ նախատեսվող գործունեությունը կնպաստի վտանգավոր թափոնների, տվյալ դեպքում` ոչ մետաղագործական ֆերոհամահալվածքների խարամի և վնասակար խառնուկներով գիպսային շլամի անվտանգ փոխադրմանը և տեղադրմանը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման» միջգերատեսչական հանձնաժողովի դրական փորձաքննական եզրակացությունը։
Թափոնների հետ կապված ընկերության գործունեությունը պետք է վերահսկեն ՀՀ բնապահպանության, առողջապահության և տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները։
«Մաքուր երկաթի գործարանի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը «Քրոնիմետ» ընկերությունն է:
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն 1968թ-ին հիմնադրված «Մաքուր երկաթի փորձա-արդյունաբերական գործարանի» իրավահաջորդն է: 1994թ-ին գործարանը վերակազմավորվել է «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության: Ձեռնարկությունը աշխատանք է ծավալում երկաթաձուլվածքի արտադրության ոլորտում: Վերամշակում է մոլիբդենի խտանյութ արտադրելով ֆերոմոլիբդեն, մոլիբդենի փոշի, մետաղական մոլիբդեն բրիկետների և ձուլվածքների տեսքով, ռենիումի աղեր։
Ընկերության գործունեության հիմնական տեսակը Ֆերոմոլիբդենի, մաքուր մոլիբդենի ջարդոնի և կալիումի պերռենատի արտադրությունն է: 1997թ.-ից սկսած «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ը իրականացնում է ֆերոմոլիբդենի, հետագայում նաեւ մաքուր մետաղական մոլիբդենի արտադրություն։
Սեպտեմբեր 14, 2015 at 11:25
