Վերջապես կառավարությունը ընդերքօգտագործման թափոնները թափոն համարեց

Վերջապես կառավարությունը ընդերքօգտագործման թափոնները թափոն համարեց

ԷկոԼուր

ՀՀ գործադիրն ու օրենսդիրը վերջապես ընդունեցին, որ հանքարդյունաբերության մեջ առաջանում են ընդերքօգտագործման թափոններ, որոնք պահվում են պոչամբարներում:

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ մտցրեց իր կողմից վաղօրոք ընդունված մի շարք որոշումներում` ապահովելու սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքների կիրարկումը: Նոր փոփոխություններով «Ընդերքի մասին» օրենսգրքում մտցվել են «պոչամբար» եւ «ընդերքօգտագործման թափոններ» հասկացությունները: Այսուհետ «Թափոնների մասին» օրենքը սահմանում է. «Ընդերքօգտագործման թափոններ` oգտակար հանածոների ուuումնաuիրության, արդյունահանման, վերամշակման եւ հարստացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ եւ այլ թափոններ, մակաբացման ապարներ՝ հանքամարմինները կողքերից պարփակող եւ վրայից ծածկող, ինչպես նաեւ հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ եւ ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման»: «Ընդերքի մասին» օրենսգիրքն էլ նկարագրում է պոչամբարը. «Պոչամբար` օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածք»: Նշենք, որ մինչ այդ պոչամբարները  «Ընդերքի մասին» օրենսգրքում համարվում էին տեխնածին հանքավայրեր:

Նոր փոփոխությունների համաձայն` ընդերքօգտագործման թափոններ առաջացնող եւ պոչամբարներ ունեցող ՀՀ հանքարդյունաբերական ընկերությունները պետք է վարեն  թափոնների հեռացման վայրերի ռեեստր եւ այդ նպատակով ՀՀ կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնեն ռեեստրային գրանցման թերթիկ:

Այս փոփոխությունների ընդունումից ընդամենը մեկ օր անց օրենսդիրն ընդունել է «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքը: Օրենքը, ըստ երեւույթին, չի համաձայնեցվել ոչ «Ընդերքի մասին օրենսգրքի», ոչ «Թափոնների մասին» օրենքի փոփոխությունների հետ, քանի որ այն նախատեսում է վերամշակել ոչ թե պոչամբարներում կուտակված ընդերքօգտագործման թափոնները, այլ` լցակույտերը:

Հայաստանում պաշտոնապես կա 20 պոչամբար, որոնց թունավոր թափոնները, որոնք արտահոսքերի, քամու, հետ տարածվում են շրջակա միջավայրում եւ աղտոտում այն, «Բնապահպանական վճարների դրույաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են ոչ վտանգավոր թափոններ, եւ դրանց դիմաց սահմանված է 0 դրամ դրույքաչափ:

Հիշեցնենք, որ 2014թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնեց փոփոխություններ մտցնել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում եւ ընդերքօգտագործման թափոնների համար սահմանել 1,5-30 դրամ՝  1 տոննա թափոնի դիմաց դրույքաչափ: Սակայն ՀՀ  էներգետիկայի եւ բնական պաշարների եւ էկոնոմիկայի նախարարությունները դեմ հանդես եկան այս նախաձեռնությանը:

Սեպտեմբեր 16, 2015 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր