

ԷկոԼուր
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց ՀՀ ԳԱԱ Երևանի Բուսաբանական այգու հիմնադրման 80-ամյա հոբելյանը:
ՀՀ ԳԱԱ Երևանի Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935թ. 80 հա տարածքում: Այն ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կառուցվածքային գիտափորձարարական ստորաբաժանում է:
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող Բուսաբանական այգին ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական հաստատություն է, որը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական գործունեության շրջանակներում իր գոյության 80-ամյա պատմության ընթացքում զբաղվում է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից, առաջին հերթին Հայաստանի տարբեր շրջաններից ֆլորայի արժեքավոր և հազվագյուտ տեսակների ներմուծմամբ, դրանց ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծմամբ: Ներկայումս էկոլոգո-աշխարհագրական դասական սկզբունքով ստեղծված Բուսաբանական այգու Կովկասի, Ամերիկայի, Արևելյան Ասիայի, Եվրոսիբիրի ֆլորաների էքսպոզիցիոն հողամասերում ցուցադրված են շուրջ 5 հազար անվանում ներկայացնող արժեքավոր բուսատեսակների հավաքածուներ:
Հոբելյանական միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Բուսաբանության ինստիտուտը և Բուսաբանական այգին մեր ակադեմիայի հնագույն կազմակերպություններից է, որն անցած 80 տարիների ընթացքում ծառայել է մեր գիտությանը, մեր երկրի բուսական աշխարհի ուսումնասիրություններին, բնապահպանական տարբեր խնդիրների լուծմանը: Բուսաբանական այգին և Բուսաբանության ինստիտուտը միասին լինելը շատ լավ է, շատ պատվաբեր է, բայց մյուս կողմից դա դժվարությունների աղբյուր է, որովհետև Բուսաբանական այգին` ինքը, առանձին պահանջում է մեծ աշխատանք, մեծ ներդրումներ, մեծ ուշադրություն: Ցավոք սրտի, այդ ասպարեզում մենք ունենք բավականին դժվարություններ: Պիտի ասեմ, որ վերջերս ՀՀ կառավարությունն անդրադարձել է այս հարցին, և սպասում ենք որոշակի որոշումների, որոնք պիտի նպաստեն և Բուսաբանական այգու, և ինստիտուտի գործունեությանը: Խոսելով ինսիտուտի ձեռքբերումների մասին` մենք այսօր անպայման պետք է հիշենք այն երախտավորներին, ովքեր հիմնադրել են ինստիտուտը, հիմնադրել են նրա գիտական ուղղությունները, որոնց օգնությամբ ձեռք են բերվել լուրջ գիտական արդյունքներ: Առաջին հերթին պետք է նշենք մենք ականավոր գիտնական Արմեն Թախտաջյանին, որը երկար տարիներ ղեկավարել է ինստիտուտը: Նրա կողմից է հիմք դրվել այն հիմնական ուղղություններին, որոնք այսօր շարունակվում են»:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Ուղերձում նշված էր. «ՀՀ բնապահպանության նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Երևանի բուսաբնական այգու ողջ կոլեկտիվին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Իր գոյության 80 տարիների ընթացքում Բուսաբանական այգում ստեղծված հարուստ և բազմազան բուսական հավաքածուները ծառայել են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, մասնագետների և մեզ` բոլորիս համար: Այգին յուրահատուկ ռեկրեցիոն օջախ է հանդիսանում մայրաքաղաքի, ինչու չէ նաև հանրապետության բնակչության համար: Այստեղ ներառված մի շարք հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բուսատեսակների հավաքածուից 38-ը ներառվել են Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի նոր հրատարակության մեջ: Յուրահատուկ արժեք են ներկայացնում բուսական համակեցությունների մոդելները, արհեստական ցենոզները: Գիտական հավաքածուների ստեղծումը և պահպանումը, դրանց էկոլոգիական հարմարվողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն: Վերջին տասնամյակների ընթացքում կատարվող աշխատանքները` Հայաստանի բուսական աշխարհի հազվագյուտ, անհետացող, էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակների գենոֆոնդի ex situ պահպանության ուղղությամբ, անմիջականորեն բխում են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի նպատակներից և այդ կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններից: Բավականին խոսուն է դենդրոֆլորաների ներկայացուցիչների ցանկը` Կովկաս, Ղրիմ, Սիբիր, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Արևելյան Ասիա և այլն: Աննկարագրելի Բուսաբանական այգու կոլեկտիվի տիտանական աշխատանքը փորձանմուշների հավաքման, բազմացման, կլիմայավարժեցման և հատկապես պահպանման գործում: Ձեր կոլեկտիվն իր էնտիուզիազմի հաշվին կարողացավ դիմակայել բոլոր արհավիրքներին, դժվարին տարիներին իրեն բաժինընկած փորձություններին: Մեկ անգամ ևս թույլ տվեք շնորհավորել ձեզ այս նշանակալից տարելիցի կապակցությամբ և ցանկանալ նորանոր հաջողություններ, նվաճումներ, ձեռքբերումներ գիտության բնագավառում: Շնորհակալություն ձեր ներդրած ավանդի և արժանի վաստակի համար, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան»:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար և Երևանի Բուսաբանական այգու հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության գերատեսչական ոսկե մեդալ շնորհվեց ՀՀ ԳԱԱ-ի Բուսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կ..գ. դ., պրոֆեսոր Գոհար Հրանտի Օգանեզովային: ՀՀ բնապահպանության նախարարի անունից պատվոգրեր հանձնվեցին` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, կ.գ.դ. Մարինե Հովհաննիսյանին, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կ.գ.դ. Գեորգի Ֆայվուշին, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Իվան Գաբրիելյանին:
Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներին պարգևատրեց նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան: ՀՀ ԳԱԱ վաստակագիր շնորհվեց ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող Մարինե Էդգարի Հովհաննիսյանին: ՀՀ ԳԱԱ պատվոգրեր շնորհվեցին Բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող կ.գ.դ. Ալլա Հայրապետյանին, Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ, կ.գ. թեկնածուներ Անուշ Ներսեսյանին և Աննա Ասատրյանին: ՀՀ ԳԱԱ գովեստագրերով պարգևատրվեցին` Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ, կ.գ. թեկնածուներ Նազիկ Ալեքսանյանը, Լորա Մարտիրոսյանը, Արաքսյա Էլբակյանը, Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կ.գ.թ. Մերինե Սարգսյանը, գիտաշխատող Գայանե Գատրչյանը:
Հոբելյանական միջոցառմանը հաջորդեց «Բուսաբանական գիտությունը ժամանակակից աշխարհում» միջազգային գիտաժողովը, որը նույնպես նվիրված է ՀՀ ԳԱԱ Երևանի Բուսաբանական այգու հիմնադրման 80-ամյա հոբելյանին:
Հոկտեմբեր 06, 2015 at 17:05


