

ԷկոԼուր
Նոյեմբերի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի փոխգործակցության մեխանիզմները` պայքարելու Սեւանա լճից ձկնագողության դեմ:
Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը և գերատեսչությունների համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:
Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N2459-161 գրությունը՝ նոյեմբերի 4-ին ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 320-Ա հրամանը: Հրամանով նախատեսված է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, ներկայացրել է համատեղ միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված է փակել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհները և տեղակայել հսկիչ կետեր, իրականացնել «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերումը, սահմանել շուրջօրյա հերթապահություն` մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ, արգելել բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Նախատեսվում է նաև Լիճք, Վարդենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող Լիճք, Վարդենիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Սոթք, Կարճաղբյուր, Ներքին Շորժա, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ակունք, Պատվան, Խաչաղբյուր, Լուսակունք, Տորֆավան համայնքների բնակչության հետ տանել համապատասխան բացատրական աշխատանք`միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն այդ համայնքների հարակից տարածքներով հոսող գետերի հունի երկայնքով:
Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Մեր խնդիրն է իրազեկման աշխատանքների և խիստ հսկողության միջոցով բացատրել հարակից համայնքների բնակչությանը, որ այս գործողությունները բխում են հանրության շահերից, միտված են լճում ձկնապաշարների ավելացմանը և տարածաշրջանի ապագա զարգացմանը: Ես կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը զե՛րծ մնալ ձկնորսություն իրականացնելուց, չխաթարե՛լ լճում ձկան բնական վերարտադրությունը, որպեսզի մոտ ապագայում մենք հասնենք ձկնապաշարի ցանկալի ծավալների և լճում արդյունագործական որսի հնարավորության հեռանկար ունենանք: Միաժամանակ առավել խիստ և արդյունավետ պետք է գործեն «Սևան» ազգային պարկի աշխատակիցները՝ անհրաժեշտության դեպքում դիմելով ՀՀ ոստիկանության աջակցությանը»:
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտնել է ոստիկանության պատրաստակամությունը լիարժեք կերպով համագործակցելու և աջակցելու «Սևան» ազգային պարկի, մարզպետարանի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին՝ գործողությունների արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը հայտնել է, որ մարզպետարանն ամբողջովին կիրականացնի միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունները և համապատասխան աշխատանքներ կտանի «Սևան» ազգային պարկի հարակից տարածքների համայնքների բնակիչների հետ:
Խորհրդակցության ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանել շուրջօրյա հսկողություն, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անցկացնել համատեղ խորհրդակցություններ` կատարված աշխատանքների ամփոփման նպատակով:
Միաժամանակ շարունակվելու են Սևանա լճի «սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի տարածքում:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բնապահպանական պետական տեսչության կողմից Հանրապետությունում իրականացրած շրջայցերին, որոնց ժամանակ Հայաստանի Հանրապետության խոշոր համայնքների հանրային առևտրի կետերի հարակից տարածքներում, բացահայտվել են «սիգի» վաճառքի դեպքեր: Մասնավորապես` նոյեմբերի 10-ից 17-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացրած միջոցառումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներն առգրավել են համապատասխանաբար 279 հատ /257կգ / և 43-հատ /ՀՀ Շիրակի և Լոռու մարզերից/ «սիգ» տեսակի ձուկ:
Մինչ այդ, նախորդ երեք շաբաթների ընթացքում առգրավվել էր 333 հատ /176.5 կգ / «սիգ» և 54,4 կգ «կարաս» տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսում Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների շրջայցերի արդյունքում առգրավվել է 655 հատ /453.5կգ/ «սիգ» տեսակի և 54.4 կգ. «կարաս» տեսակի ձուկ:
Երևանում առգրավված ձկները հատկացվել են Արաբկիր վարչական տարածքի «Արշավիր և Պայծառ Աբրահամյանների» բարեգործական ճաշարանին, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին, Երևանի «Նիկողոս Տիգրանյանի» անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, «Նորքի տուն-ինտերնատ»ՊՈԱԿ-ին և Նոր Նորքի բարեգործական ճաշարանին:
ՀՀ մարզերում առգրավված ձկները հանձնվել են մարզերի մանկատներին, տուն-ինտերնատներին և հատուկ դպրոցներին:
Նոյեմբեր 17, 2015 at 18:26
