Հայաստանում ավելացել են հանքարդյունաբերական հողերն ու պոչամբարները

Հայաստանում ավելացել են հանքարդյունաբերական հողերն ու պոչամբարները

ԷկոԼուր

2020 թ-ին նախատեսվում է գնահատել կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների  վրա հանքարդյունահանման  ազդեցությունը, մշակել և ներդնել դրա նվազեցման միջոցառումների պլան: Այս միջոցառումը նախատեսված է ՀՀ կենսաբազմազանության  պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրով, որը դեկտեմբերի 10-ին արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:

Փաստաթղթի համաձայն` 5 տարվա ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերական հողերն ավելացել են 3.5 հազար հեկտարով: Եթե 2011թ-ին հանքարդյունաբերական հողերը զբաղեցնում էին 33.0 հազար հեկտար տարածք, ապա 2015թ-ին այս ցուցանիշն աճել է` հասնելով 36.5 հազար հեկտարի: Այս տարիների ընթացքում ավելացել են նաեւ Հայաստանում առկա պոչամբարները: Դրանք 23-ն են, որոնցում կուտակված են շուրջ 220 միլիոն խմ թափոն:

Հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա փաստաթղթում նկարագրվում է հետեւյալ կերպ. «Հանքարդյունաբերության պատճառով առաջացող հետևանքներն են`հողային ծածկույթի խախտումը, պոչամբարների ընդլայնումը, թափոնների կուտակումները, որոնք հազարավոր հեկտարներով մասնատում են բուսական և կենդանական պոպուլյացիաներն ու համակեցությունները, խախտում են կենդանիների միգրացիոն ուղիները և սպառնում են որոշ հազվագյուտ տեսակների գոյատևմանը: Առավել մտահոգիչ է բաց եղանակով հանքերի շահագործումը անտառային տարածքներում, որտեղ կատարվում են անտառների հատման աշխատանքներ, պոչամբարների կառուցում, նոր ենթակառուցվածքների ստեղծում և այլն: … Հողերում վնասակար քիմիական նյութերի կուտակման, ստորերկրյա ջրերի և գետերի աղտոտման, արդյունաբերական թափոնների կուտակման և լանդշաֆտների դեգրադացման պատճառով տեղի է ունենում տեսակների աճի, զարգացման և վերարտադրության պայմանների խախտում, անտառային էկոհամակարգերում արժեքավոր, անհետացող և հազվագյուտ տեսակների ոչնչացում, ագրոցենոզների բերքատվության անկում, բերքի որակի վատթարացում»:

Դեկտեմբեր 10, 2015 at 18:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր