ԷկոԼուր
Արթիկի աղետից հետո Հայաստանում լքված հանքերի ռեկուլտիվացման խնդիրը հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: Օրերս Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարեց. «Մարզում կան որոշ բնապահպանական խնդիրներ, որոնք կապված են այստեղ առակա տուֆի հանքերի հետ, որոնցում ռեկուլտիվացիայի աշխատանքներ չեն կատարվել, ինչի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև կառավարությունում, և կարճ ժամանակ հետո կունենանք լքված հանքերի ռեկուլտիվացիայի պայմանները և մեխանիզմներ: Իսկ գործող հանքերին արդեն օրենքով պարտադրված է հանքշահագործումն ավարտելուց հետո իրականացնել ռեկուլտիվացման աշխատանքներ և այդ նպատակով դրամագլխին համապատասխան փոխանցումներ կատարել: Եթե հանքշահագործողները ինչ-որ հանգամանքներում կխուսափեն ռեկուլտիվացիա իրականացնելուց, ապա դրամագլխի միջոցներով այն կիրականացնի ՀՀ բնապահպանության նախարարությունը»:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 24-ին աննախադեպ տեղումների պատճառով հեղեղը սելավատարերի մեջ լցրել էր Արթիկիի տուֆի հանքերի թափոններ, ինչի հետևանքով ջրալցվեցին Արթիկի տներն ու փողոցները:
Արթիկի հյուսիսային, արևելյան և հարավային լանջերը ծածկված են ներկայումս շահագործվող և լքված քարհանքերի թափոններով, որոնք կազմում են արդյունահանված տուֆազանգվածի 65%-ից ավելին: Հանքերից ու թափոններից բարձրացող փոշին Արթիկ քաղաքում ՍԹԿ-ն գերազանցում է բազմակի անգամ: Չնայած էկոլոգիական ծանր վիճակին՝ Արթիկում ֆինանսների բացակայության պատճառով պետության կողմից մթնոլորտային օդի մոնիտորինգ չի իրականացվում՝ սկսած 2005թ-ից: Իսկ մինչ այդ եղած տվյալներով՝ Արթիկում փոշու խտությունը կազմել է 2.000գ/վրկ, երբ փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան սահմանված է 0.15մգ/մ3 24 ժամում:
Լուսանկարը վերցված է www.evnmag.com կայքից:
Օգոստոս 22, 2016 at 18:57