

ԷկոԼուր
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել Դսեղի Հ. Թումանյանի տուն-թանգարանի այգու ծառերի հատման առթիվ, որակելով այն ապօրինի, այն դեպքում, երբ մի շարք գերատեսչություններ պաշտոնապես թույլատրել են ծառերի հատումը: Այս կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության՝ էկոԼուրի հարցմանն ուղղված պատասխան նամակում ասված է.
«ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Դսեղի Հ. Թումանյանի տուն-թանգարանի այգու 15 եղևնիները` խեժափիճի (պիխտա) տեսակի, շուրջ 50 տարվա վաղեմություն ունեն և տարիների ընթացքում, թեքվելով դեպի թանգարանի տանիքը, սպառնալիք են ստեղծել թանգարանի շենքի համար: Հատումից առաջ ծառերից երկուսը տապալվել են թանգարանի տանիքի և բակում գտնվող Հ. Թումանյանի կիսանդրու վրա։ Վտանգի մասին համայնքի ղեկավարը և տուն-թան¬գարան մասնաճյուղի վարիչը համապատասխան գրություն են /կցվում է/ ուղարկել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենին։ Վերջինս գրությամբ դիմել է Լոռու մարզպետին` համապատասխան մասնագետներ ուղարկելու, խնդիրը տեղում ուսումնասիրելու և մասնագիտական եզրակացություն կազմելու համար: Կազմվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից տրված մասնագիտական եզրակացություն /կցվում է/։ Այն փաստում է, որ ծառերը լուրջ վտանգ են ներկայացնում փայտաշեն կառույցի` Դսեղի Հ. Թումանյանի տուն-թանգարանի համար: Ստացվել է նաև ՀՀ Լոռու մարզպետի պատասխան գրությունը` անվտանգության կանոնների պահպանմամբ, ծառերի հատման անհրաժեշտության և այգին տնկիներով և թփերով հարդարելու հարցում աջակցելու պատրաստակամության վերաբերյալ:
Հայտնում ենք նաև, որ վերոնշյալի վերաբերյալ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` աշխատանքներին աջակցելու խնդրանքով: Գերատեսչությունից համապատասխան գրությամբ /կցվում է/ տեղեկացվել է, որ անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա` վերամբարձ կռունկ և մասնագիտացված փայտահատներ, և միայն այդ պարագայում գերատեսչության Լոռու փրկարարական ծառայության ստորաբաժանման աշխատակիցները կարող են օգնել ծառհատման աշխատանքներին: Ելնելով հարցի հրատապությունից և եղանակային պայմանաններից (քամիներ, անձրև, կայծակ), ինչը լուրջ վտանգ էր ստեղծում թանգարանի համար, «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի միջոցներով վարձակալվել է համապատասխան տեխնիկա, մասնագետներ և Լոռու փրկարարական ծառայության աշխատակիցների մասնակ¬ցու¬թյամբ հատվել են առավել վտանգ ներկայացնող ծառերը»։





Օգոստոս 23, 2016 at 12:10
