ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Aysor.am

Մարտի 31-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ «Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էին նախարարությունը և Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքում նշեց, որ 2005 թ-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) մասին որոշում, ըստ որի ոլորտի զարգացման համար նախադրյալներից մեկն էլ այն է, որ ՎԷ-ից արտադրվող էներգիայի գնումը 15 տարի երաշխավորված է պետության կողմից, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արտոնյալ սակագներ են սահմանված:

«Վերականգնվող էներգետիկայի զարգացման լուրջ քայլ է արվում ՓՀԷԿ-երի առումով: 5 տարվա ընթացքում 70 գործող ՓՀԷկ-եր կան, որոնք 270 մլն ԿՎտ/ժամ արտադրանք են ապահովում»,- ասաց Ա. Մովսիսյանը` հավելելով, որ շատ ՓՀԷԿ-եր կառուցման փուլում են, իսկ ընդհանուր ներուժը գնահատվում է 500մլն ԿՎտ/ժամ:

Նախարարի խոսքերով, ուսումնասիրություններ են կատարվում քամու պոտենցիալը որոշելու ուղղությամբ: Հողմաէներգետիկայի ներուժը 500 ՄՎտ է գնահատվում: Ա. Մովսիսյանը նշեց, որ պետության հովանավորչությամբ կառուցվել է առաջին հողմակայանը Պուշկինի լեռնանցքում, իսկ մասնավոր ներդրողների ջանքերով այս տարվա կեսերին կկառուցվի 2-րդ հողմակայանը` 20 ՄՎտ հզորությամբ:

Ուսումնասիրությունները շարունակվում են գեոթերմաէներգետիկայի ուղղությամբ, առաջին արդյունքները սպասվում են տարեվերջին. նախատեսվում է փորձնական գեոթերմալ կայան կառուցել:
Ա. Մովսիսյանը բավականին հեռանկարային անվանեց նաև բիոէներգետիկայի զարգացումը Հայաստանում, ինչի ուղղությամբ բավականին ուսումնասիրություներ են կատարվում:

Նշենք,, որ միջոցառմանը մասնակցում էին ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Էկոնոմիկայի նախարարությունների, ԱԺ տնտեսական հարցերի և Գյուղատնտեսական ու բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների, ՀԾԿՀ, ԳԱԱ, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:

Ապրիլ 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր