ԱՎԵԼԱՑՆԵԼՈՎ ՍԵՎԱՆԻՑ ՋՐԱՌԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՋՐԱՍՈՒՅԶ ԼԻՆԵԼՈՒՑ ՓՐԿԵԼ ՄԻ ԽՈՒՄԲ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

ԱրմԻնֆո

Ավելացնելով Սևանից ջրառի ծավալները` Հայաստանի իշխանությունները փորձում են ջրասույզ լինելուց փրկել մի խումբ օլիգարխների անօրինական կառույցները: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը ուղարկված Սևանի պաշտպանության նախաձեռնության հայտարարությունում:

Հայտարարությունում հիշեցվում է, որ օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հանցավոր մի որոշում, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչև 360 մլն. խոր. մետր. նախորդ տարիներին օրենքով սահմանված 170 մլն. խոր. մետրի փոխարեն: Անկախ գիտնականների կարծիքով Սևանա լճից բացթողումների կրկնապատկումն անընդունելի է և վտանգավոր լճի համար: ՙ2008թ. բնակլիմայական պայմաններն այնքան անբարենպաստ չեն եղել, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն ծագեր, իսկ ոռոգման ջրի պահանջարկի շահարկվող աճի վերաբերյալ չկան համապատասխան հիմնավորումներ՚, ասվում է հայտարարությունում, որում նշվում է, որ ՙՀերթական անգամ Հայաստանի իշխանություններն ապացուցում են իրենց ապազգային բնույթը՚: ՙՀերթական ան•ամ զոհաբերության սեղանին են դրվում հանրության սեփականություն հանդիսացող ռեսուրսները` հագուրդ տալով մի խումբ մարդկանց անձնական շահերին՚,- ասվում է հայտարարությունում, որում նշվում է, որ Սևանա լճից հավելյալ վերցված ջրի օգտագործման արդյունավետությունը կասկած է հարուցում:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովն արտահերթ նիստի ընթացքում որոշում է ընդունել Սևանա լճից ջրառն ավելացնել 120 մլն խմ-ով /մինչև 360 մլն խմ/: Տվյալ ծավալը իրականացման է ենթակա մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը: Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովն արդեն հաստատել է 170մլն խմ-ից մինչև 240 մլն խմ ջրառի մեծացման կառավարության հայտը: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման և վերարտադրման ծրագրի համաձայն նախատեսվում է լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով, ինչը անխուսափելիորեն կբերի սահմանակից կառույցների խորտակմանը: Ծրագրի ընդհանուր արժողությունը մոտավորապես 300 մլն ԱՄՆ դոլար է:

Օգոստոս 22, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր