

ԷկոԼուր
Նոյեմբերի 3-ին գործադիրը որոշեց լուծարել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը: Որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության և «Աբու-Դաբի» զարգացման հիմնադրամի միջև «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի ֆինանսավորման վարկային համաձայնագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի ավարտով (2016 թվականի նոյեմբեր):
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներով 2010-2017թթ. իրականացվում է «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիրը՝ ապահովելու Արփա-Սևան ջրատարի թունելների կայունությունը և անվտանգությունը:
«Արփա-Սևան» թունելը կառուցվել է 1963-1981 թթ.` Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48.3 կմ է:
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝
«Արփա – Սեւան» ջրատարի կայուն աշխատանքի ապահովման շնորհիվ Սեւանա լիճ կտեղափոխվի մինչեւ 300 մլն մ3 ջուր, իրական նախադրյալ կստեղծվի տարեկան լճի մակարդակը 23 սմ-ով բարձրացնելու համար:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կմիավորվեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները:
Նոյեմբեր 03, 2016 at 18:52
