

ԷկոԼուր
Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ։ Այս մասին տեղեկացնում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, հայեցակարգում վեր են հանվել հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները՝ հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության և ռազմավարության բացակայությունը, ինստիտուցիոնալ դաշտում առկա բացերը, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բացթողումները, սոցիալ-տնտեսական, ֆինանսական դաշտում առկա խնդիրները, պատասխանատու ներդրումների ներգրավման պակասը, պետական երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման բացակայությունը և այլն:
«Որպես առաջնային լուծում առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով ոլորտին առնչվող նախարարություններին, քաղաքացիական հասարակությանը, հանքարդյունաբերող ձեռնարկություններին, պոտենցիալ ներդրողներին, ազդակիր համայնքներին, միջազգային դոնոր կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին»,- նշել է Շուշանիկ Քերոբյանը:
Ոլորտի ռազմավարության մշակման նպատակով անհրաժեշտ է վերանայել տարբեր ժամանակահատվածներում ոլորտի վերաբերյալ արդեն իրականացված հետազոտությունները, կազմակերպել հանդիպում-հարցազրույցներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային փորձը:
Ռազմավարության մշակման համար, ըստ Շուշանիկ Քերոբյանի, անհրաժեշտ կլինի իրականացնել մեծ ծավալի աշխատանք, ինչը կներառի առաջիկա 5-10 տարիների ռազմավարական գործողությունները:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:
Փետրվար 17, 2017 at 14:47
