

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 20-ի նիստում հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին 3-ամսյա ժամկետում մշակել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը: «Ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների շարունակական գնահատումը և մոնիթորինգը կարևորվում է հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից. թեև ՀՀ ընդերքի օրենսգրքով նախատեսված է ընթացիկ մոնիթորինգը, բայց իրականացման չափորոշիչները և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն: Ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատել ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտում տրամադրված բոլոր լիցենզիաները և ներդրումների պարտավորությունները. «Մենք մի անգամ զգուշացրել ենք իրենց: Ասել ենք՝ ներկայացրեք ծրագրեր: Ծրագրեր ներկայացրածների հետ պայմանավորվում ենք, ֆիքսում ենք նոր ժամկետներ: Ովքեր չեն ներկայացրել ծրագրեր, նրանց հետ շատ կոշտ սկսում ենք խոսել լիցենզիաները հետ վերցնելու վերաբերյալ»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:
Ապրիլ 20, 2017 at 16:07
