

ԷկոԼուր
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների խնդիրը դեռ չի լուծվել: Արգելոցի տարածքում գտնվում են Գիլան և Գյոլասոր բնակատեղիները, որտեղ ընդհանուր 40 ընտանիք է ապրում: Բնակիչներն իրենց բնակատեղիները չեն համարում արգելոցի տարածք, մինչդեռ արգելոցի աշխատակիցները հակառակն են պնդում:
«Այսօր հիմնականում պահպանության հետ կապված խնդիրները Խոսրովի մեջ սեպաձև մտած տարածքներն են: Մենք չունենք ոչ մի սահմանազատման սյուն, համայնքների հետ ահագին խնդիրներ ենք ունենում: Նրանք ասում են՝ մեր տարածքն է, մենք ասում ենք՝ մեր տարածքն է, անասնատերերն ասում են՝ մեր տարածքն է: Չունենք բուֆերային գոտի ասվածը. 5 մետր այն կողմ Խոսրովի տարածքն է, այս կողմ՝ համայնքային արոտավայրեր են», - ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Ռաֆիկ Պետրոսյանը:
Արարատի մարզում գտնվող Գիլանն ու Գյոլասորը նախկինում եղել են գյուղեր, իսկ 1985 թ. ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ դրանք լուծարվել են և ընդգրկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մեջ:
«Ճիշտ է, Գիլանը մեր Խոսրովի վարչական տարածքի մեջ է մտնում, բայց մարդկանց հարցնում ես՝ որտեղից եք, իրենց անձնագրերն են ցույց տալիս, ասում՝ Գիլան գյուղից: Նույն խնդիրն էլ ունենք Գյոլասորում: Ընտանիք ունենք, որ սեփականաշնորհման վկայական ունի կարելի է ասել հենց Գառնու տեղամասի մեջտեղը», - մանրամասնեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ, արգելոցի տարածքով անցնելիս, բնակիչների մեքենաները ստուգվում են, ազատ ելումուտ նրանք չունեն, բայց անհանգստությունը միշտ կա. «Չի բացառվում, որ մարդը կարող է զենք ունենալ: Ուղեփակոցի մոտ ստուգում ենք, բայց իրենց տներ մտնելու, ստուգելու իրավասություն չունենք»:
Սահմանազատման հարցը լուծելու համար արգելոցի ղեկավարությունը դիմել է Արարատի մարզպետարանին, առաջարկել է տարածքները կամ փոխանակել, կամ միացնել արգելոցին: Սակայն արձագանք չի եղել:
Մայիս 04, 2017 at 14:12
