

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ ջրային ավազաններում, հատկապես Սևանա լճում խեցգետնի պաշարները նվազել են: «Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ… Այս ոլորտը, որը մենք համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է գտնվում: Շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել… »,- ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ Բացի այդ, նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը: Հանձնարարվել է ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ՝ պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով ՀՀ ԳԱԱ-ում անցկացված կլոր սեղանի ժամանակ հայտնեց, որ վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է երկարաչանչ խեցգետնի պոպուլյացիայի մանրացում, որը գերորսի և նոր որսագործիքների կիրառման հետևանք է: 2014 թվականից խեցգետնի որսունակությունը Սևանա լճում ավելացել է 3-4 անգամ: Ներկայումս երկարաչանչ խեցգետնի արդյունագործական չափը օրենքով սահմանված չէ: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է արդյունագործական չափը սահմանել 9 սմ: Նաև Սևանա լճում խեցգետնի որսն իրականացնել սելեկտիվ որսամիջոցներով՝ արգելելով չինական և զսպանակաձև խեցգետնորսիչների կիրառությունը, որսի արգելք սահմանել նրա բազմացման ամենաինտենսիվ շրջանում՝ հուլիս-օգոստոս ժամանակահատվածում:
Սեպտեմբեր 08, 2017 at 13:28
