

ԷկոԼուր
Սույն թվականի հունվարի 25-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտին: ԱՃԹՆ ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Նախագծերի ընդունման արդյունքում, մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրի կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպությունը և վերլուծության արդյունքում կպատրաստի հանրային զեկույց: Օրինագծերով սահմանված փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում կներդրվեն թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ: Օրենսդրական նախաձեռնության փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, փոփոխություն կատարել Ընդերքի մասին օրենսգրքում՝ սահմանելով ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Հունվար 25, 2018 at 19:01
