

ԷկոԼուր
31.5134 հեկտարով ավելացավ «Էրեբունի» պետական արգելոցի տարածքը: Սույն թվականի հոկտեմբերի 1-ին գործադիրն ընդունեց «Հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու, «էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի n 827-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով Ողջաբերդ համայնքի 24,87 հա անտառային ֆոնդի եւ 6.6434 հա գյուղատնտեսական նշանակության հողեր փոխադրվեցին հատուկ պահպանվող հողերի կատեգորիա եւ ամրացվեցին «Էրեբունի» արգելոցին: Արգելոցի տարածքը 89 հեկտարից դարձավ 118.75 հա: Որոշման ընդունմամբ ճշգրտվեցին նաեւ արգելոցի սահմաններն ու հատակագիծը:
«Էրեբունի» պետական արգելոցը կազմավորվել է 1981թ., գտնվում է Երեւան քաղաքից դեպի հարավ-արեւելք: Արգելոցում բնական պայմաններում աճում են գիտությանը հայտնի չորս տեսակ վայրի ցորեններից երեքը` Ցորեն Ուրարտու, Ցերեն բեոտական` վայրի միահատիկը, Ցորեն Արարատյան` վայրի երկհատիկը, որոնք աչքի են ընկնում ներտեսակային մեծ բազմազանությամբ: Բացի վայրի ցորեններից արգելոցի տարածքում աճում են նաեւ գարու, աշորայի վայրի տեսակներ: «Էրեբունի» արգելոցն իր մեջ ընդգրկում է նաեւ բարձրակարգ ծաղկավոր բույսերի շուրջ 300 տեսակ, որը կազմում է Հայաստանի ֆլորայի ավելի քան 9%-ը: Տասներեք տեսակ գրանցված է Հայաստանի Բույսերի Կարմիր գրքում:
Լուսանկարը վերցված է www.reservepark.mnp.am կայքից:
Հոկտեմբեր 01, 2015 at 17:54
