

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2020թթ. ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը: Նպատակը տեղի էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունն է:
Այս մասին նշված է «Հայաստանի ԲՀՊՏ-ների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թվականների պետական ծրագրի միջոցառումներ» փաստաթղթում, որը գործադիրը հաստատեց սույն թվականի սեպտեմբերի 25-ին:
««Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ կմիավորվեն «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերը: Դա հնարավորություն կտա ապահովել էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը և աջակցել ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը, խթանել զբոսաշրջության զարգացմանը և բարձրացնել բնակչության կենսամակարդակը»,-նշված է փաստաթղթում:
Այսպիսով, ՀՀ կառավարությունը մի ձեռքով փորձում է պահպանել բնությունը, մյուս ձեռքով ոչնչացնել այն, քանի որ հենց «Ջերմուկ» ազգային պարկի նախատեսվող տարածքին շատ մոտ «Lydian International» ընկերությունը` ի դեմս իր դուստ «Գեոթիմ» ընկերության, մտադիր է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը Նշենք, որ գործադիրը ազգային պարկը պատրաստվում է ստեղծել հենց այն ժամանակահատվածում, երբ ընկերությունը, ըստ իր ծրագրի, պետք է սկսի հանքավայրի շահագործումը:
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը ԷկոԼուրին տված հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե Ամուլսարի հանքավայրը նույնիսկ գտնվի «Ջերմուկ» ազգային պարկի բուֆերային գոտում, ապա այդ դեպքում էլ չի կարելի բաց հանք շահագործել: Վտանգված տեսակներին հնարավոր չէ տեղափոխել այդ տարածքից։ «Ասենք, բույսը տարան, արջին էլ հո չե՞ն տանելու: Փոքր կենդանիները՝ օձերը, մկները և այլն, կմնան ծանր տեխնիկայի տակ»,- ասաց Կարեն Մանվելյանը:
Ըստ Կարեն Մանվելյանի`«Ջերմուկ» ազգային պարկի պոտենցիալ տարածքում կա Կարմիր գրքում գրանցված մոտ 50 կենդանատեսակ և 40-50 բուսատեսակ: Եւ 22 վտանգված տեսակ կա Ամուլսարի հանքավայրի տարածքում:
Ի դեպ` «Lydian International» ընկերությունը իր կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում կենսաբազմազանության վրա բացասական ազդեցությունները մեղմելու տարբերակ տեսնում է «Ջերմուկ» ազգային պարկը:
«Բնական բուսականության կորուստ (ՄՖԿ-ի թիվ 6 ԿՍ-ի սահմանման համաձայն) կրող տարածքը կազմում է մոտ 459 հա: Ազդեցության ենթարկվող բուսականության տիպերն են՝ ենթալպյան մարգագետիններ, լեռնամարգագետիններ, լեռնամարգագետնային տափաստաններ, որոնք համեմատաբար հարուստ են տեսակներով և ներառում են որոշ տարածաշրջանային էնդեմիկներ: Բուսականության վերականգնման ծրագրի միջոցով կվերականգնվեն բուսականության որոշ տարածքները, սակայն հնարավոր է լինեն էական մնացորդային ազդեցություններ, որոնց համար առաջարկվում է իրականացնել փոխհատուցման միջոցառումներ՝ հավանաբար Ջերմուկ ազգային պարկի համար առաջարկվող տարածքում»»,- մասնավորապես նշված է Ամուլսարի հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում (ՇՄԱԳ):
Ի դեպ միայն «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման և միջոցառումների համար ընկերությունը նախատեսում է 3.7 միլիոն դոլլարի ներդրում:
Սեպտեմբեր 29, 2014 at 13:57
